Սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը ԿԳՄՍ նախարարությունն է. Ժաննա Անդրեասյան

«Սեպտեմբերից մուտք ենք գործում մի իրականություն, ուր մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը հանդիսանալու է ԿԳՄՍ նախարարությունը: Սա ոչ թե նշանակում է, որ տեղերում աշխատանքի անհրաժեշտություն չի լինի, այլ մենք ունենում ենք ավելի հստակ աշխատանքի բաժանում ԿԳՄՍ նախարարության և տարածքային կառավարման մարմինների կամ մարզպետի աշխատակազմերի միջև»,- նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սա նշանակում է, որ բովանդակային կառավարման հետ կապված բոլոր հարցերը գտնվելու են ԿԳՄՍ նախարարության տիրույթում, վարչատնտեսական գործառույթներին առնչվող ընթացակարգերն ամբողջությամբ կենտրոնանալու են մարզպետերի աշխատակազմերում: Նախընթաց մեծ ծավալի աշխատանք ենք իրականացրել մեր գործընկերների հետ, իրականացվել է նաև մեծածավալ թվայնացման գործընթաց: Վստահ եմ, որ առաջիկայում նաև մենք կկարողանանք նոր ձևաչափով հանրակրթության կառավարման արդյունավետության և որակի նոր չափանիշների հասնել»,- ասաց նա:

Հավելեց, որ նախարարությունում պլանավորված է համապատասխան կառուցվածքային փոփոխություն, որի առաջին փուլն արդեն իսկ հաստատվել է: Նախարարը նշեց, որ կունենան մարզային համակարգողներ, որոնք ավելի կկենտրոնանան տարբեր մարզերում տեղակայված դպրոցների հետ աշխատանքի վրա. «Բայց մեր հիմնական նպատակն է՝ ոչ թե մեխանիկորեն որոշ գործընթացներ իրականացնելը, այլ դրանց բովանդակությունը վերանայելը, դրանց իրականացման արդյունավետությանը հասնելը»:

Ասուլիսն ամբողջությամբ՝

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment