Առանց թույլտվության օգտագործված լուսանկարների համար 1in.am-ը պետք է վճարի 2.4 մլն դրամ

Հասարակություն

Առանց թույլտվության օգտագործված լուսանկարների համար 1in.am-ը պետք է վճարի 2.4 մլն դրամ

ՀՀ վճռաբեկ դատարանը մարտի 25-ին մերժել է իր նկատմամբ Վերաքննիչ դատարանի վճիռը չեղյալ համարելու մասին «Սկիզբ մեդիա կենտրոնի» կամ  1in.am կայքի  հայցը։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ «Ֆոտոլուր» գործակալությունը դիմել էր դատարան, որ պարտավորեցնի «Սկիզբ մեդիա կենտրոնին» վճարելու իր լուսանկարների համար, որոնք հրապարակել էր  1in.am կայքում առանց դրանց օգտագործման իրավունքի կամ վճարումների։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2024թ․ դեկտեմբերին «Սկիզբ մեդիա կենտրոնին» պարտավորեցրել էր դադարեցնել «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» օրենքի իմաստով «Ֆոտոլուր» ՍՊԸ լրատվական գործակալության հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող լուսանկարչական ստեղծագործությունների արտատպումը, տարածումը և օգտագործումը: Ինչպես նաև արդեն օգտագործած լուսանկարների համար հօգուտ «Ֆոտոլուրի»  բռնագանձել 2.400.000 ՀՀ դրամ՝ որպես հոնորարի կրկնապատիկի գումար:

«Սկիզբ մեդիա կենտրոնը» բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ անցած տարվա սեպտեմբերին առաջին ատյանի դատարանի վճիռը թողել էր անփոփոխ։ Լրատվական կենտրոնը Վերաքննիչի բողոքը վիճարկել էր արդեն երրորդ ատյանի դատարանում, որը նույնպես անփոփոխ էր թողել 2-րդ ատյանի որոշումը։ Ավելին՝ Վճռաբեկ դատարանը նաև որոշել էր որ իր վճիռը «ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման»։

Այսինքն «Ֆոտոլուրը» վերջնականապես հաղթեց «Սկիզբ մեդիա կենտրոնին»։

Վերջինս պարտավոր է վճարել 2 մլն 400 հազար դրամ։

Leave a comment