Մարդանման ռոբոտների տպավորիչ քունգ ֆուի ելույթների և պարերի հետևում թաքնված է հիմնարար խնդիր․ արդյունաբերական առաջադրանքների մեծ մասի համար դրանք չափազանց դանդաղ են և հաճախ սխալվում են: Reuters-ը գրում է` Պեկինի հավակնությունները գերազանցում են տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը, ինչի հետևանքով շուկայում ստեղծվել է իրավիճակ, երբ արտադրական հզորությունները զգալիորեն գերազանցում են իրական պահանջարկը։
BofA Global Research-ի տվյալներով՝ անցյալ տարի աշխարհում մատակարարվել է մոտ 20 հազար մարդանման ռոբոտ, ընդ որում՝ այդ ծավալի 95%-ը բաժին է ընկել չինական արտադրողներին։ Ընկերության վերլուծաբանների կանխատեսմամբ՝ մինչև 2030 թվականը մարդանման ռոբոտների համաշխարհային տարեկան մատակարարումները կհասնեն 1.2 միլիոնի։
Reuters-ի հոդվածի համաձայն՝ տարվա առաջին կեսին Չինաստանի կենտրոնական, նահանգային և տեղական իշխանությունները մարդանման ռոբոտների և դրանց հետ կապված ապրանքների ձեռքբերման համար ծախսել են առնվազն 230 միլիոն դոլար։ Համեմատության համար՝ մեկ տարի առաջ այդ գումարը կազմել էր 62 միլիոն դոլար, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 6 միլիոն դոլար։
Սակայն պետական ֆինանսավորումն ու արտադրության ոլորտում ներդրումները շատ ավելի արագ են աճում, քան ռոբոտների՝ մանրակրկիտ նախապատրաստված ցուցադրություններից դուրս աշխատելու կարողությունը։ Խոսքը հենց այն քունգ ֆուի, պարային և բռնցքամարտի համարների մասին է, որոնց շնորհիվ այդ մեքենաները դարձել են համացանցի իսկական սենսացիա։
Մարդանման ռոբոտները դանդաղաշարժ և անճկուն են։ Թեև չինական ռոբոտաշինական ընկերությունները համաշխարհային մակարդակի սարքավորումներ են արտադրում, մարդանման ռոբոտներն առայժմ բավարար «բանականություն» չունեն առաջադրանքների լայն շրջանակ իրականացնելու համար, ինչը սահմանափակում է դրանց գործնական կիրառությունը։ Ռոբոտների համար հատկապես դժվար է հաղթահարել այնպիսի իրավիճակները, որտեղ անհրաժեշտ է ինտուիցիա կամ նախապես ծրագրավորված գործողությունների հաջորդականությունից շեղվելու կարողություն։
Որոշ վերլուծաբաններ կասկածում են, որ ընդհանրապես տնտեսական իմաստ ունի ստեղծել մարդու տեսք ունեցող ունիվերսալ մեքենա։ Չէ՞ որ կոնկրետ արտադրական առաջադրանքների համար հատուկ նախագծված ռոբոտացված թևերը ավելի էժան են, հուսալի և արդեն լայնորեն կիրառվում են։
«Տնտեսական տեսանկյունից այսօր նման ռոբոտների զանգվածային ներդրումը արդարացված չէ», – կարծում է վերլուծաբան և Hello China Tech տեղեկագրի հեղինակ Պո Չժաոն։
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ Չինաստանի կապիտալի շուկան մարդանման ռոբոտների տեխնոլոգիաները գնահատում է «ծայրահեղ լավատեսորեն»․ ներդրողները փաստացի խաղադրույք են անում այն հեռանկարով, որ ապագայում այդ ռոբոտներն իսկապես օգտակար կդառնան։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։