ՔՊ-ի թեկնածու նախկին հանրապետականը գյուղապետ աշխատած տարիներին վաճառքի է հանել համայնքային հողերը ու հենց ինքն էլ գնել. «Հրապարակ»

Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանն է: Նախկին ՀՀԿ-ական Արայիկ Ներսիսյանը 21 տարի եղել է Կողեսի գյուղապետը: 2017-ին կրկին ՀՀԿ-ի կողմից առաջադրվել ու ընտրվել է խոշորացված Լոռի Բերդ համայնքի ղեկավար, իսկ չորս տարի անց նախկին հանրապետականը ճամբարափոխ է եղել՝ դարձել ՔՊ-ական:

Նա Հայաստանի հարուստ համայնքապետերից է։ 2023 թվականին նա հայտարարագրել է 51 անշարժ գույք, որոնց մեծ մասը՝ 45-ը՝ միանձնյա սեփականության իրավունքով։ Դրանցից 50-ը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան եւ Լոռի Բերդ համայնքներում, մեկը՝ Երեւանում։ Համայնքապետի հայտարարագրում նշված է 40 հողամասի, 5 բնակարանի, 1 արտադրական շինության եւ 2-ական բնակելի տան, ավտոտնակների ու հասարակական նշանակության շինությանների մասին։ Հայտարարագրել է 12 տրանսպորտային միջոց, որից 2-ը՝ FORD բեռնատար տրանսպորտ, 3 MERCEDES-BENZ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, 6 գյուղտեխնիկա, 1 ZIL բեռնատար մեքենա: Դրամական միջոցները տվյալ տարվա սկզբում կազմել են 40 հազար դոլար եւ 12 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 60 հազար դոլար եւ 20 մլն դրամ։ 2026 թվականին ներկայացրած հայտարարագրում նշել է 36 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց, որից 3-ը՝ FORD բեռնատար եւ մարդատար, 3 MERCEDES-BENZ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, 7 գյուղտեխնիկա: Տվյալ տարվա սկզբում հայտարարագրել է 60 հազար դոլար եւ 30 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 60 հազար դոլար եւ 40 մլն դրամ:

Մի ուշագրավ հանգամանք եւս՝ Արայիկ Ներսիսյանի հետ կապված: Գյուղապետ աշխատած տարիներին նա վաճառքի է հանել համայնքային հողերը ու հենց ինքն էլ գնել: Պարզվում է, որ ՀՀ դատախազությունը քրեական վարույթ է հարուցել, եւ Արայիկ Ներսիսյանը համայնքին (պետությանն) է վերադարձրել ապօրինի օտարված գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից 2 հեկտարը:

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment