Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ օգոստոսի 14-ին Տոկիոյի հիվանդանոցներից մեկում մահացել է ճապոնացի նկարչուհի Յայոյի Կուսաման։ Նա 97 տարեկան էր, և, ինչպես նշված է իր ընկերության հաղորդագրությունում, «շարունակել է նկարել մինչև իր կյանքի վերջին օրերը՝ երբեք մի կողմ չդնելով վրձինը, չդադարելով ուսումնասիրել հավերժական սիրո և հավերժական հոգու գաղափարները»։
«Բժշկական բացահայտումների ներկապնակ» գրքում գրքի համահեղինակ, սրտաբան Արմեն Փիրուզյանը առանձնակի ջերմությամբ է պատմում Յայոյի Կուսամայի մասին՝ այս դեպքում ևս փորձելով գտնել հանճարի ու «նորմալի» սահմանները։ Կիսվելով Ճապոնիա այցի մասին իր տպավորություններով՝ Արմեն Փիրուզյանը բացահայտում է նաև մեկ մարդու կարևորությունը մի ողջ երկիր մարմնավորելու ու ներկայացնելու հարցում։
Ի հիշատակ այս զարմանալի կնոջ ու արվեստագետի՝ առաջարկում ենք ընթերցել Արմեն Փիրուզյանի ակնարկը, ապա փակել աչքերն ու զգալ տիեզերական այն խորությունը, որը երբեմն կարող է թաքնված լինել սիսեռահատիկի չափ փոքրիկ կետի մեջ։
Նվիրվում է ընկերոջս՝ հոգեբույժ Միհրան Քենդերյանի հիշատակին
Գարնանային լուսավոր առավոտ էր, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Տոկիոյի Նարիտա օդանավակայանում: Միշտ սիրել եմ վայրէջքի պահը՝ երբ ծանր ինքնաթիռի անիվները հպվում են վազքուղուն, և մետաղյա թռչունը, կամաց-կամաց դանդաղեցնելով ընթացքը, գլորվում է դեպի իր կայանատեղը: Կարծես մի յուրահատուկ խորհուրդ կա ինքնաթիռի վայրեջքի մեջ՝ երկրի ձգողականության ապացույց, ապահովության զգացողություն, մարդիկ ճանապարհորդությունից տուն են վերադառնում կամ էլ սկսում են նոր, սպասումներով լի ճանապարհոր դություն:
Յուրաքանչյուր այցելություն Ճապոնիա արդեն ինքնին իրադարձություն է: Անարատ բնության և մարդկային գործունեության արդյունքների ներդաշնակությունը, հին, ավանդական կարծրատիպերի և ժամանակակից տեխնոլոգիական ռացիոնալիզմի միահյուսումը, պեդանտության աստիճանի կարգապահության և հոգևոր անծայրածիր խորության համակցումը մշտապես գերել են ինձ: Միշտ նոր բան ես հայտնաբերում, զարմանում ու սովորում ես Ճապոնիայում:
Օդանավակայանում մեզ դիմավորում էր աղջիկս՝ Մարիամը, որն արդեն ութ տարի ապրում և սովորում է Ճապոնիայում: Այցելության հիմնական նպատակը, անշուշտ, նրա համալսարանի ավարտական արարողությանը մասնակցելն էր: Սակայն կար նաև երկու այլ ցանկություն` ճապոնական գեղանկարչական արվեստի կարկառուն, համաշխարհային մակարդակի երկու մեծությունների` դասական Կացուշիկա Հոկուսայի և ժամանակակից Յայոյի Կուսամայի ստեղծագործություններին մոտիկից ծանոթանալը: Մշակութային ծրագիրն ընդգրկում էր Տոկիոյում մի քանի ամիս առաջ բացված Յայոյի Կուսամայի թանգարան այցելությունը, իսկ եթե բախտ վիճակվեր հանդիպել հենց իրեն՝ Կուսամային, դա կլիներ անհավանական հաջողություն:
Իսկ ո՞վ է Յայոյի Կուսաման: Մշտապես կարմիր կեղծամով, վառ կարմիր ներկած շուրթերով և կետավոր շորեր հագած տարեց ճապոնուհու պատկերը ծանոթ է շատերին, բայց քչերին է հայտնի նրա կյանքի արտառոց ճանապարհը և ստեղծագործական անծայր բազմազանությունը:
Տարիներ առաջ, երբ ընկերոջս հետ խոսում էինք Կուսամայի մասին, նա ասաց. «Գիտես, Կուսաման բիպոլյար հիվանդություն ունի: Նա քառասուն տարուց ավելի ապրում է հոգեբուժարանում և շարունակում է ստեղծագործել»:
Որպես Յայոյի Կուսամայի արվեստի երկրպագուի` այս փաստն ինձ չափազանց հետաքրքրեց, և անհաղթահարելի ցանկություն ունեցա ավելի խոր ուսումնասիրել և գրել Կուսամայի մասին մեկ այլ տեսանկյունից` փորձելով հասկանալ նրա անցած ստեղծագործական ուղու, կյանքի հետաքրքիր շրջադարձերի և հոգեկան առողջության միջև եղած կապը։
Յայոյի Կուսաման XX դարի երկրորդ կեսի և XXI դարի արվեստում բացառիկ երևույթ է: 90-ամյա ճապոնուհին հայտնի է որպես պրովոկատիվ նկարչուհի, քանդակագործ, գրող, կինոպրոդյուսեր և բեմադրող, զգայապատրանք առաջացնող փողոցային կոմպոզիցիաների և ներկայացումների հեղինակ: Նրա հանդուգն, նորարարական մտահղացումները հաճախ զարմանք, հետո հրճվանք, ապա խորհելու առիթ են տալիս: Ըստ համաշխարհային թանգարանային այցելության վիճակագրության՝ Յայոյի Կուսաման այժմ ամենահանրաճանաչ ժամանակակից նկարչուհին է:
Նրա ցուցադրությունների ժամանակ բազմահազարանոց հերթեր են գոյանում, և թանգարաններն ու ցուցասրահները ստիպված են լինում լրացուցիչ աշխատակիցներ վարձել: 2016 թվականի «Time» ամսագրի հարցումների հիմամբ` Կուսաման ընդգրկվել է աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: Արվեստի գործերի համաշխարհային հայտնի աճուրդներում Յայոյի Կուսամայի ստեղծագործությունները ամենաթանկ վաճառվողն են ժամանակակից կին նկարիչների շարքում:
Կուսաման ծնվել է 1929 թ․ Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայի Մացումոտո փոքրիկ քաղաքում: Ընտանիքն ուներ փոքրիկ տնկարան, որտեղ աճեցնում և բազմացնում էր ծառեր և ծաղիկներ: Կարելի է ասել, որ Կուսամայի մանկությունն անցել է շրջապատված ծաղիկներով, տնկիներով ու մրգերով: «Գլխարկներ, կոշիկներ և ծաղիկներ հաճախ են հանդիպում իմ նկարներում,- ասում է Յայոյի Կուսաման: – Հեռավոր դաշտում թողած գլխարկները իմ վաղ պատանեկան տարիների հիշողություններն են: Կոշիկները… ընդունում եմ միայն կարմիրը: Ծաղիկներ սիրել եմ դեռ վաղ մանկությունից: Երբ յոթ տարեկան էի, մի լուսանկար ունեի ծաղիկներով շրջապատված»:
Կուսամային անվանում են «Սիսեռանախշի թագուհի» (The Queen of Polka Dots), որովհետև գունավոր կետերը, նրանցից կազմված ցանցերը ի սկզբանե նկարչուհու երկարատև ստեղծագործական ուղու հիմնական մոտիվներն են: «Ես էլ մի կետ եմ այս աշխարհում,- պատմում է Կուսաման:- Մի օր նայում էի սեղանի սփռոցի վրայի կարմիր ծաղիկներով նախշերին, երբ վեր նայեցի, տեսա որ նույն նախշերը ծածկում են առաստաղը, ապա պատուհանները, պատերը և վերջապես ամբողջ սենյակը, իմ մարմինը, ողջ տիեզերքը»:
Երբ տասը տարեկան էր, առաջին հալյուցինացիաները արտահայտվեցին լույսի առկայծումների և կետերով խիտ պատված դաշտերի տեսքով: Սկզբում աղջիկը վախենում էր, հետո աստիճանաբար համակերպվեց և վերջապես, դիմակայելով կպչուն տեսիլքներին, սկսեց նրանց որոշակի ձև տալ ու դուրս բերել երևակայականից դեպի իրական աշխարհ` պատկերելով նրանց իր աբստրակտ ստեղծագործություններում: Մի քանի տասնամյակ է արդեն՝ Յայոյի Կուսաման կետերի օգնությամբ կերտում է նկարներ, փափուկ՝ քանդակներ, ստեղծում է ցանցավոր նախշեր, եռաչափ կոմպոզիցիաներ, նույնիսկ ներկայացումներ:
Հիշում եմ, տարիներ առաջ մասնակցել էի Կուսամայի մի ներկայացմանը, կոչվում էր «Ոչնչացման սենյակ» («Obliteration Room»), որի ժամանակ հանդիսատեսներին առանձին-առանձին հրավիրում էին սպիտակ պատերով և սպիտակ կահույքով դատարկ սենյակ՝ յուրաքանչյուրին տալով տասնյակ տարբեր չափերի և գույների կպչուն կետիկներ, և առաջարկում էին դրանք փակցնել ըստ ցանկության, որտեղ ուզում են: Մի քանի ժամվա ընթացքում սենյակը դարձավ ժամանակակից արվեստի գործ: Բոլոր պատերը, առաստաղը, հատակն ու կահույքը պատված էին խայտաբղետ, վառ գույների և տարբեր չափերի կետերով: Սենյակի պատկերը փոխվում էր շատ արագ: Յուրաքանչյուր նոր մտնող մարդ տեսնում էր նոր սենյակ, նոր գործ, դառնում էր արարումի մասնակից:
Յայոյի Կուսամայի մանկությունն անցել է շատ դաժան: Մայրը ճնշում էր նրան, հաճախ բռնություն գործադրում, ծեծում էր, չէր ցանկանում, որ աղջիկը նկարիչ դառնա։ Ինչպես ընդունված էր այն ժամանակ, Յայոյին պետք է ամուսնանար հարուստ տղամարդու հետ և դառնար հնազանդ տնային տնտեսուհի: Իր էսսեներից մեկում՝ «Ինչու եմ ես նկարում», Կուսաման գրում է. «Իրոք անտանելի էր… Ես իրար չսիրող ծնողների անցանկալի երեխան էի: Եթե արվեստը չլիներ, ես վաղուց էի ինքնասպան եղել»:
Երբ դեռ ուսանող էր Կիոտոյի արվեստի դպրոցում, Կուսամայի վաղ գործերը գրավեցին հոգեբուժության պրոֆեսոր Շիհո Նիշիմուրայի ուշադրությունը, և նա որոշ ստեղծագործություններ ներկայացրեց հոգեբուժական կոնֆերանսի ժամանակ՝ խորհուրդ տալով նաև հեռու մնալ իրեն շահագործող և ճնշող մորից: Այդ տարիներին երիտասարդ նկարչուհու կուռքը ամերիկացի ժամանակակից նկարիչներ Զորջիա Օ’Կիֆին և Քեննեթ Կալահանն էին: Յայոյին նամակ է գրում նրանց և, խրախուսանքի արժանանալով, նրանց հորդորներով 1958 թ. հայտնվում է Նյու Յորքում։
50-ականների վերջի և 60-ականների Ամերիկայում եռում էր հասարակական, քաղաքական և մշակութային կյանքը: Աբստրակտ էքսպրեսիոնիզմը իր տեղը զիջում էր մինիմալիզմին: Արվեստի երկրպագուներին ավելի էին գրավում հարթ, կրկնվող կոմպոզիցիաները, որոնք ավելի ինքնադիտողական էին, ներքին իմաստ պարունակող։ Հիպիական հակամշակույթի վերելքն ուղեկցվում էր քաղաքացիական իրավունքի պաշտպանության, սեռական ազատության շարժումներով: Յայոյի Կուսաման իր յուրահատուկ ձեռագրով ընկղմվեց մշակութային հեղափոխության այս հորձանուտի մեջ: Մերկ մարմիններով կամ կետերով ծածկված թափանցիկ զգեստներով փողոցային ներկայացումները, որոնց հեղինակը Կուսաման էր, մեծ աղմուկ բարձրացրին ամերիկյան մամուլում:
Էկզոտիկ արևելյան կնոջ կերպարը, որը պայքարում էր սեռական ազատության և մարդու իրավունքների համար, Վիետնամի պատերազմի դեմ, հայտնի դարձավ ողջ աշխարհում: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Յայոյին նամակով սեքս առաջարկեց նախագահ Ռիչարդ Նիքսոնին, մի պայմանով, որ վերջինս դադարեցնի պատերազմը Վիետնամում: Այդ տարիներին Յայոյի Կուսաման ոչ միայն փողոցային ներկայացումներ և «պատահարներ» էր բեմադրում, այլ նաև նկարում էր, փափուկ քանդակներ էր ստեղծում, գրում էր նովելներ:
Կետերից բաղկացած ցանցերից նա անցավ ֆալիկ փափուկ քանդակների, պատում էր գրեթե ամեն ինչ` սկսած կենցաղային առարկաներից, կահույքից մինչև բնակարանի պատերն ու առաստաղները: Պատկերների, առարկաների, փափուկ քանդակների մեթոդական կրկնությունը նրա ձեռագրի յուրահատկություններից են։ Նրա ազդեցությունն անվիճելի է ամերիկյան ժամանակակից արվեստի այնպիսի դասականների վրա, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը և Քլեյ Օլդենբուրգը: Սակայն Յայոյի Կուսաման ավելի առաջ գնաց: Այդ տարիներին էր, որ նա ստեղծեց իր հանրահայտ «infinity room»-ը և «Oblit-eration room»-ը՝ «Անսահմանության սենյակ» և «Ոչնչացման սենյակ» կոմպոզիցիաները: Աշխատելով հայելիներով՝ նա պարզ կրկնությունից անցավ անսահման, անվերջանալի կրկնությանը: Այս ամենի մասին գրելը շատ դժվար է, դա պետք է տեսնել և զգալ։ Երբ մտնում ես «Infinity room», կարծես վերանում ես իրականությունից, ընկղմվում ես տարածության մեջ, գտնվում ես տիեզերքի կենտրոնում, որտեղ աղոտ լուսավորված առարկաները, էքսպոնենցիալ տեմպերով՝ բազմապատկվելով, ձգտում են անվերջության, անսահմանության: Անսահմանությունը կարող է անընկալության աստիճանի մեծ լինել կամ անընկալության աստիճանի փոքր: Եթե Կուսամայի «Infinity room» -երն արթնացնում են մեծ, անծայրածիր տիեզերքի զգացողություն, ապա կետերով, կրկնվող նախշերով նկարները նման են միկրոսկոպիկ բջիջների կամ ատոմի մասնիկների անվերջությանը:
Ես արվեստագետ չեմ, բժիշկ եմ: Չեմ ուզում խորանալ ոճի, ուղղության, ոչ էլ արվեստի գործերի շուկայական գնագոյացման մեջ: Ինձ հետաքրքրում է «Յայոյի Կուսամա» երևույթը բժշկական տեսանկյունից: Ո՞րն է Կուսամայի գաղտնիքը: Հոգեկան հիվանդությունն է, որ նրան այսպիսի բարձունքների է հասցրել, թե՞ նրա արվեստն է, որ տասնամյակներ շարունակ բուժում է, պահում է հիվանդությունը վերահսկված, կայուն վիճակում:
Նյույորքյան տարիները չնայած շատ բեղմնավոր էին, նաև գերծանրաբեռնված էին տարբեր ծրագրերով: Այդ տարիների ընթացքում նրան բազմիցս հայտնաբերել են թուլացած, համարյա ուշագնաց վիճակում, երկու-երեք օր առանց սնվելու և քնելու իր կտավներն ու ինստալացիաները ստեղծելիս։ Տաղանդավոր նկարչուհի, բայց նաև փխրուն կին, նա հաճախ ապրում և խաղում էր կյանքի ու մահվան, խոհեմության և խենթության սահմանագծին: Նույն ժամանակահատվածում տասը տարվա ռոմանտիկ հարաբերությունները ավարտվում են նրա ընկերոջ մահով, և Յայոյի Կուսաման մնում է վտանգավոր մենության մեջ: 1973 թվականին, հոգեպես ընկճված, նա ստիպված վերադառնում է Ճապոնիա:
Հալյուցինացիաները շատանում են, դեպրեսիայի փուլերը հաջորդում են մեկը մյուսին: Երկու տարի անց մահանում է Կուսամայի հայրը, ինչն ավելի է խորացնում նրա վախերը: Կուսաման ինքնակամ գնում է Տոկիոյի Սեյվա հոգեբուժական հիվանդանոց, որտեղ ապրում է մինչ օրս: 40 տարուց ավելի հոգեբուժարանը նրա ապահով հանգրվանն է, ուր կարող է անխոչընդոտ գալ և գնալ, երբ ցանկանում է: Այնտեղ նա զգում է իրեն ազատ ու երջանիկ: Սենյակը շատ փոքր է, ընդամենը 12 քառակուսի մետր: Ունի փոքրիկ պատուհան, որ նայում է պարտեզին: Նկարչուհին համարում է իր «տունը» շատ հարմարավետ, անհատական և պարզ։ Ամեն առավոտ՝ նախաճաշից հետո, Կուսաման դուրս է գալիս հիվանդանոցից և գնում է իր արվեստանոցը աշխատելու: Այն շատ մոտ է՝ 5 րոպեի քայլելու ճանապարհ, մեծ է և լուսավոր, ունի գրադարան և արխիվ: Բազմաթիվ օգնականների հետ աշխատում է մինչև ճաշը, ապա վերադառնում է հիվանդանոց ճաշելու: Ճաշից հետո քայլում է դեպի արվեստանոց և աշխատում է մինչև երեկոյան ժամը 6-ը: Յայոյի Կուսաման շատ պարտաճանաչ է, և ապրելակերպի այս ստերեոտիպը գործում է ավելի քան քառասուն տարի՝ 9-ից մինչև 6-ը աշխատանք, վեցից հետո վերադարձ «հարազատ տուն»՝ հոգեբուժական հիվանդանոց, որտեղ երեկոն անց է կացնում նովելներ գրելով:
Շատերը հարցնում են՝ արդյո՞ք Յայոյի Կուսաման ունի հոգեկան հիվանդություն: Երբ նկարչուհու վիճակն այնքան կայուն է, որ նա կարողանում է հարցազրույցներ տալ, ինքը՝ Կուսաման ընդունում է, որ տեսողական հալյուցինացիաների և սեռական հարաբերությունների վախի պատճառով է ծածկում ամեն ինչը կետերով և ֆալիկ փափուկ արձանիկներով: 1999 թ. մի հարցազրույցի ժամանակ նկարչուհին ասել է. «Իմ ստեղծագործություններն առաջանում են իմ տեսողական հալյուցինացիաներից: Ես թարգմանում եմ ինձ պարուրող հալյուցինացիաները և կայուն պատկերները՝ որպես քանդակներ և նկարներ: Իմ ողջ աշխատանքը պաստեlներով կպչուն նևրոզի (obsessional neuros) հետևանք է, ուստի անբաժանելիորեն կապված է իմ հիվանդության հետ: Ես ստեղծում եմ գործեր, նույնիսկ եթե այդ պահին չեմ ունենում տեսիլքներ: Տեղափոխելով հալյուցինացիաները և վախերը նկարների մեջ, ես փորձում եմ բուժել իմ հիվանդությունը»:
Կուսաման կարծում է, որ իր կպչուն-սևեռուն հիվանդությունը (obsessive compulsive disorder) կապված է վահանաձև գեղձի ախտահարման, գերֆունկցիայի հետ, և ժխտում է մանիակալ-դեպրեսիվ փսիխոզը: Բժիշկների կարծիքով՝ Յայոյի Կուսաման ունի բիպոլյար (երկբևեռ) հիվանդություն փսիխոտիկ ախտանիշներով: Նրա հալյուցինացիաները սկսվել են վաղ մանկական հասակում, իսկ վահանաձև գեղձի ախտահարումը այդ տարիքում հազվադեպ է հանդիպում: Բացի դրանից` Ճապոնիա վերադառնա լուց հետո՝ 1973 թ., նկարչուհու վահանաձև գեղձը վիրահատվել էր, և ֆունկցիան գտնվում է հսկողության տակ, մինչդեռ հալյուցինացիաներն ու կպչուն տեսիլքները շարունակվում են: Բոլորին միշտ զարմացրել է Կուսամայի անսպառ եռանդն ու անհավանական բեղմնավոր ստեղծագործական ուղին:
Անգամ երբ 29 տարեկանում Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ մայրը ոչնչացրել էր նրա՝ հսկայական թվով աշխատանքներ, 2000-ից ավելի կտավներ այնուհանդերձ պահպանվել էին: Հոգեկան որոշ հիվանդությունների, մասնավորապես բիպոլյար խանգարումների զուգակցումը արտակարգ պրոդուկտիվության հետ հայտնի է վաղուց:
Հոգեբույժ ընկերս պատմում էր, որ իր հիվանդներից մեկը մի գիշերվա ընթացքում 96 էջանոց տետրը սկզբից մինչև վերջ, տող առ տող լցրել էր՝ կրկնելով մեկ բառ՝ իր անունը՝ Աշոտ, Աշոտ, Աշոտ․․․ Եվս մի օրինակ ուսանողական տարիներից: Բժշկական համալսարանում, երբ ուսանում էինք «Գիտական կոմունիզմ» անիմատ առարկան, զարմանում էինք Լենինի հատորների անսպառ քանակի վրա: Իհարկե, այդ հատորներում զետեղված մտքերի համամարդկային արժեքը վիճելի է, բայց ծավալն ապշեցնում էր: Հոգեկան խնդիրներ, հատկապես բիպոլյար հիվանդություն ունեցած չափազանց բեղմնավոր նկարիչների, քաղաքական գործիչների, գրողների, կոմպոզիտորների, դերասանների, հեղինակավոր առաջնորդների ցանկը մեծ է և ներառում է այնպիսի անուններ, ինչպիսիք են Էռնեստ Հեմինգուեյը, Ուինսթոն Չերչիլը, Թեոդոր Ռուզվելտը, Վինսենթ Վան Գոգը, Վիրջինիա Վուլֆը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Ռոբերտ Շումանը, սըր Իսահակ Նյուտոնը, Էնդի Ուորհոլը և շատ ու շատ ուրիշներ: Եթե առանձին հոգեկան հիվանդությունների և բարձր ստեղծագործ ակտիվության կապը դեռևս գիտականորեն վիճարկելի է, ապա բիպոլյար հիվանդության և բացառիկ ստեղծագործ մտածողության ու ունակությունների համակցումը հանդիպում է հատկապես հաճախ:
Ճապոնիան անվանում են «ծագող արևի երկիր»: Ճապոնիայի դրոշի սպիտակ ֆոնին կարմիր արևն է՝ մեծ կարմիր կետ: Յայոյի Կուսամայի կտավներում ևս արևը հաճախ է հանդիպում: Խոսքը միայն կետերի մասին չէ. արևն ու ջերմությունը դուրս են հորդում նրա ծաղիկներից, մրգերից:
Իմանալով, որ մի քանի օր պլանավորում ենք անցկացնել Կիոտոյում, Տոկիոյում ապրող ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց ժամանակ գտնել և զբոսնել Գիոն փողոցում, որտեղ, եթե բախտ վիճակվի, նույնիսկ կարող ենք հանդիպել իսկական գեյշաների: Ընկերս չէր էլ պատկերացնում՝ ինչ անակնկալ էր սպասվում Գիոնում: Կիոտոն Ճապոնիայի հին մայրաքաղաքներից մեկն է, պատմական, մշակութային, կրոնական կենտրոն՝ հարուստ անհամար տեսարժան վայրերով, որոնց ցանկի մեջ չի մտնում Գիոն փողոցը: Դա մի նեղ, կլոր գետնաքարերով սալապատված փողոց է, որի երկու կողմում ձգվում են հին, կոկիկ փայտյա շինություններ, որտեղ տեղակայ ված են թեյատներ, հուշանվերների փոքրիկ խանութներ, ժողովրդական արվեստի ցուցասրահներ:
Տպավորություններով լի օրվա վերջն էր: Դանդաղ զբոսնում էինք փողոցով, երբ հանկարծ փողոցի վերջում մայրամուտի վերջին շողերի լույսի տակ ծանոթ ուրվագծեր նշմարվեցին: Միանգամից բացականչեցի` նայեք, Կուսամայի դդումներից է: Կետերով պատված դդումը Յայոյի Կուսամայի ստեղծագործությունների առանցքային թեմաներից է: Մեծ, փոքր, տարբեր ձևերի և գույների դդումները արձանների ձևով կարելի է հանդիպել աշխարհի բազմաթիվ քաղաքներում, զբո սայգիներում, ժամանակակից արվեստի պատկերասրահների հավաքածուներում:
Սև պուտերով վառ դեղին դդումը Կուսամայի այցեքարտն է: 1993 թ. Վենետիկի բիենալեում ճապոնական տաղավարը ձևավորելու համար հրավիրվել էր միայն Յայոյի Կուսաման: Նա կերտեց հայելային սենյակ, որը լցված էր արծաթագույն դդումների հարյուրավոր արձաններով: Հաջողության մասին պատմելն ավելորդ է։ Այժմ այդ դդումներից յուրաքանչյուրն առանձին-առանձին վաճառվում է տարբեր աճուրդներում կես միլիոնից ավելի դոլարով:
Մոտեցանք դդումին: Մարդու հասակից երկու անգամ բարձր, վառ դեղին, սև, երբեմն անցքի տպավորություն ստեղծող կամ թափանցիկ կետերով՝ Կուսամայի ստեղծագործությունը իր ողջ գրավչությամբ կանգնած էր մեր առջև: Հետաքրքիր է, որ այն տեղակայված էր Կիոտոյի արվեստի և դիզայնի դպրոցի բակում, որտեղ այդ ժամանակ ցուցադրվում էր Կուսամայի «Իմ ծաղիկների սենյակը» հանրահայտ հավաքածուն՝ կազմված ծաղկի թեմաներով 47 գործերից, և Կիոտոյում պետք է մնար ընդամենը 1,5 ամիս: Ասեք՝ սա պատահականություն է. բայց այսքան տարբեր բաներ ժամանակի և տարածության մեջ չեն կարող այդպես ճշգրտորեն համընկնել: Ճապոնական ուղևորության ամբողջ ընթացքում նկարչուհու արվեստը կամ նրա հետ կապված մի ինչ-որ գերբնական բան մշտապես ուղեկցում էր ինձ: Թե Տոկիոյում, թե Կիոտոյում և թե Կումամոտոյում, որտեղ հնարավորություն ունեցա տեսնելու «Անսահմանության սենյակը» («Infinity room»), ամենուրեք զգացվում էր Յայոյի Կուսամայի եթերային ներկայությունը:
Շատ ուշ էր, և պատկերասրահը փակ էր: Իհարկե, մյուս օրը վաղ առավոտյան մենք առաջինն էինք, որ կանգնած էինք ցուցասրահի մուտքի առջև՝ ակնկալելով որքան հնարավոր է՝ շուտ մասնակից դառնալ մանկական պարզությամբ և միևնույն ժամանակ երկարատև ստեղծագործ կյանքի իմաստությամբ լցված, պրովոկատիվ հնարքներով լի ցուցադրությանը: Լուսանկարելն արգելվում էր, իսկ նկարները պատմել անհնար է, պետք է տեսնել ու զգալ:
«Ծաղիկներն առաջին բանն էին, որ ես սկսեցի նկարել: Նրանցից գրավիչ այլ բան գոյություն չունի։ Գույների ու ձևերի մեջ՝ տարբեր, բնության օրինաչափության մեջ՝ այնքան մեծ ու կարևոր, կախարդական, որ նրանց միայն Աստված կարող էր ստեղծել: Նրանք բոլորը գեղեցիկ են և շարժվող: Դիպչում են հոգուն և խաղաղության զգացողություն հաղորդում, ինչպես թեթև զեփյուռը՝ մտքին: Ծաղիկները կյանք են պարունակում: Նրանք փոփոխվում են օրեցօր և վայրկյան առ վայրկյան: Դա նրանց գրավչության մի մասն է: Ես փորձում եմ իմ կտավներում արտացոլել նրանց էությունը»,- ասել է Յայոյի Կուսաման:
Որոշ մարդկանց կարող են մակերեսային և «կոսմետիկ» թվալ գունավոր կետերը, հսկա դդումները կամ վառ, անհավանական ուրվագծերով ծաղիկները: Բայց երբ զգում ես կտավներից արտացոլվող լույսը և գիտես, թե ինչ խորության ցավ է թաքնված այդ գործերի ստեղծման մեջ, առավել գնահատում ես այնպիսի արվեստի ուժը, որը դառնում է բուժման միջոց, «Art-medicine»՝ արվեստ-բժշկություն, ինչպես անվանել է ինքը՝ Կուսաման:
Մարտի 25-ին Կումամոտոյի համալսարանի դեղագործական դպրոցի ավարտական արարողությունն էր: Ավանդական կիմանո և հակամա հագած երիտասարդ բժիշկ-դեղագործները սպասում էին իրենց դիպլոմներին: Պահը հանդիսավոր էր: Դրսում անհավանական գեղեցկության գարուն էր, սակուրայի ծաղկման ամենալավ ժամանակը: Խորհրդանշական է, որ այդ երիտասարդ բժիշկների, դեղագործների նպատակը մարդկանց կյանքը երկարացնելն է, որպեսզի աշխարհում Յայոյի Կուսամայի նման մարդիկ շատ լինեն: Նույնիսկ 90 տարեկանում ստեղծեն ջերմ, բարի, մանկական ստեղծագործ անմեղությամբ լի գործեր: Երբ Կուսամային հարցնում են, թե ո՞րն է նրա կարիերայի ընթացքում ստեղծած ամենանշանակալի գործը, նա պատասխանում է՝ այն դեռ առջևում է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: