Անուղղակի պատերազմ Հայաստանի դեմ. ակամա խոստովանություն

Ես ընդամենը ասել եմ Քյարքի, չեմ խոսել վերադարձնելու մասին, երեկ լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանն ու շարունակել.«Ասել եմ, որ 29743 քառակուսի կմ-ը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է։ Էս թվաբանության մեջ չեն Ադրբեջանի 3 անկլավային տարածքները, մեր էքսկլավային Արծվաշենը մտնում է։ Եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում է՝ մենք ասում ենք, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը 2743 կմ-ը չէ, այլ, օրինակ, 29755 քառակուսի կմ է։ Սա նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին»։

Փաստորեն, Ադրբեջանը Հայաստանին հայտարարել է պատերազմ, թեկուզ անուղղակի, համենայնդեպս, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Որովհետեւ Ադրբեջանը կարծես թե առ այսօր Հայաստանի տարածքային ամբողջությունը չի ճանաչել որեւէ քառակուսի մետրով, կիլոմետրով կամ սանտիմետրով։ Այլ կերպ ասած, ինչպես Փաշինյանն է ձեւակերպում՝ «Ադրբեջանը չի առերեսվում սրա հետ»։ Հետեւաբար, քանի դեռ Ադրբեջանը պաշտոնապես ոչինչ չի ասել Արծվաշենի մասին, նաեւ որեւէ կերպ չի ճանաչել, որ օկուպացրել է տարածքներ Ջերմուկում, գտնվում է Հայաստանին «անուղղակի պատերազմ հայտարարած վիճակում։

Սա էլ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով արդարացնել ինքն իրեն, ըստ էության հերքում է ինքն իրեն՝ թե հաստատված է անշրջելի խաղաղություն։ Ինչպես կարող են համատեղվել խաղաղությունն ու «անուղղակի պատերազմը»։ Թեեւ, հնարավոր է, որ դա խաղաղության նոր ձեւ է, որի հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին, թեեւ հարց է առաջանում, թե նրա ենթականերից ու երկրպագուներից բացի, ով է աշխարհում ճանաչում Փաշինյանի այդ հեղինակային իրավունքը։

Գոնե այդ իրավունքի ճանաչմանը հասնելը նրա համար կլիներ ձեռքբերում, թեկուզ անձնական։ Որովհետեւ, Հայաստանի իրավունքների ճանաչման հարցում որեւէ հաջողության հասնելու ակնկալիքները՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շարունակության պարագայում, հավասար են զրոյի։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment