«Հրապարակ». Իջևանում քաղաքապետի իշխանական թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանն է, իսկ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 30-ին Իջևան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կլինեն: Մեր տեղեկություններով, քաղաքապետի իշխանական թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանն է, իսկ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել, չնայած Սամվել Կարապետյանի վարկանիշն Իջևանում բավականին բարձր է, և դա նաև նրանով է պայմանավորված, որ նրա մայրն Իջևանի Գանձաքար գյուղից է, իսկ Կարապետյանը տեղի բնակիչների համար շատ բարեգործություններ է արել, և նրան մարդիկ սիրում ու վստահում են:

Մեր աղբյուրն ասում է, որ Մամիկոն Ասլանյանի մայրը նույնպես Իջևանից է, և Ասլանյանը ևս Իջևանում հարգանք է վայելում: Ուստի «Ուժեղ Հայաստանն» ունի բավականին լավ շանսեր: Դա է պատճառը, որ Արթուր Ճաղարյանը բավականին անհանգիստ է: 5 տարի շարունակ Իջևանի համար ոչինչ չանելով, նա ՔՊ-ի օրինակով, վերջին ամիսներին գործի է անցել. շենքերի վերելակներն է փոխում, Իջևանի կենտրոնում հին լողավազանն է նորոգել, բազմաբնակարան շենքերն է նորոգում, որ բնակչությունից քվե կորզի»։

Leave a comment