Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է. Ավանեսյան


Առողջապահական համակարգի մի քանի կարևորագույն ցուցանիշներ կան, որոնք խոսում են այն մասին, թե արդյոք այն բոլոր աշխատանքները, որ անում ենք, արդյունք տալի՞ս են, թե՞ չէ: Ամեկարևորն ու առաջնայինը կյանքի միջին տևողությունն է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


Ըստ նախարարի՝ կյանքի միջին տևողության թվերը սովորաբար ամփոփվում են տարվա կեսին, հետևաբար 2025-ի թվերը դեռ չկան, իսկ 2024-ի արդյունքների համաձայն՝ Հայաստանում կյանքի միջին տևողությունը երկարել է:


«Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, և սա է մեր կարևորագույն ձեռքբերումը»,- ասաց նախարարը:


Հաջորդը մայրական մահացության ցուցանիշն է, որը, ըստ Անահիտ Ավանեսյանի, ցույց է տալիս, թե արդյոք առողջապահական մեխանիզմները տեղի՞ն են:


«Այս առումով 2025 թվականն առանձնակի տարի է, որովհետև այս մասով մենք ունեցել ենք 1 դեպք, կորուստ, և սա էլ չլսված ցուցանիշ է, և մենք պիտի մեր ջանքերը շարունակենք կենտրոնացնել՝ ապահովելու այս դրական իրավիճակի պահպանումը»,- ասաց նա:

Leave a comment