Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել

Քաղաքականություն

27.08.2026 | 22:44

Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է վարորդական իրավունք ստանալու գործընթացում կրթությունը դարձնել պարտադիր՝ վարելու հմտությունների որակը բարձրացնելու և ճանապարհային անվտանգության մշակույթ ձևավորելու նպատակով։

ՆԳՆ-ից հայտնում են, որ առաջարկվող փոփոխությունների դեպքում վարորդական իրավունքի տեսական քննությանը հնարավոր կլինի մասնակցել միայն համապատասխան ուսուցում անցնելուց հետո։

Նախատեսվում է նաև վարորդների պատրաստման ոլորտում լիցենզավորման համակարգի ներդրում։ Վարորդներ պատրաստելու իրավունք կունենան միայն սահմանված պահանջներին համապատասխանող և լիցենզավորված կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

Փաթեթով առաջարկվում է ներդնել նաև վարորդական ուսուցում իրականացնող անձանց որակավորման համակարգ։ Դրա նպատակն է ապահովել հրահանգիչների մասնագիտական պատրաստվածությունը և կրթության որակի շարունակական բարելավումը։

Միաժամանակ նախատեսվում է վարկանշավորել վարորդական ուսուցում իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին։ Ըստ ՆԳՆ-ի՝ դա քաղաքացիներին հնարավորություն կտա տեղեկացված ընտրություն կատարել, իսկ ուսուցում կազմակերպողներին կխթանի շարունակաբար բարելավել կրթության որակը։

Նախարարությունում ընդգծում են, որ առաջարկվող փոփոխություններով վարորդական իրավունքի ստացման գործընթացում առանցքային նշանակություն է տրվում ոչ միայն քննությանը, այլև որակյալ կրթությանը՝ անհրաժեշտ գիտելիքներ և անվտանգ վարելու հմտություններ ձևավորելու համար։

ՆԳՆ-ի ձևակերպմամբ՝ նպատակը ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացումն է, որպեսզի ճանապարհներին «ոչ մի կյանք չընդհատվի»։

Leave a comment