Մոսկվան միշտ նպաստում է «հարցերի վերացմանը, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի վերաբերյալ փաստերի խեղաթյուրմանը», ինչպես նաև պարբերաբար գործընկերներին է փոխանցում «ադրբեջանական բլոգոլորտի՝ բացահայտ հակառուսական բովանդակություն պարունակող նյութերը»։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այսպես է պատասխանել Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին։
Ավելի վաղ դիվանագետը RTVI-ին տված մեկնաբանությունում հայտարարել էր, որ երկու երկրների հարաբերություններին խոչընդոտում է «Ռուսաստանի ԶԼՄ-ներում Ադրբեջանի նկատմամբ ձևավորված բացասական տեղեկատվական ֆոնը»։
«Ռուսական տեղեկատվական տարածքում կարող եմ օրինակ բերել չափազանց դրական միջավայրի ստեղծումը, օրինակ, այնպիսի լրատվամիջոցի կողմից, ինչպիսին է «Սպուտնիկ»-ը, որը, ի թիվս այլ բաների, գործում էր նաև Ադրբեջանում։ Ադրբեջանական կողմը երբեք որևէ հարց չի ունեցել օրակարգի, նորությունների կամ անցկացվող միջոցառումների վերաբերյալ։ Ցավոք, ադրբեջանական կողմը դադարեցրել է այս լրատվամիջոցի գործունեությունն իր երկրում»,- ասել է Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ «Սպուտնիկ Ադրբեջանի» խմբագրության լրագրողները (նրա գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը) 2025 թվականի ամռանը Բաքվում ձերբակալվել էին և միայն մի քանի ամիս անց կարողացել վերադառնալ Ռուսաստան։
«Այս լրատվամիջոցը Բաքվում փակեցին համապատասխան ուժերը․ նրանք այդ առնչությամբ ներկայացրին իրենց դիրքորոշումը, որի հետ մենք որևէ կերպ չէինք կարող համաձայնել։ Դե, էլ ի՞նչ կարող ենք ասել»,- նշել է Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվայում պարբերաբար «ադրբեջանական կողմին են փոխանցում Ադրբեջանի բլոգոլորտի այն նյութերը, որոնք բացահայտ հակառուսական բնույթ ունեն և չեն համապատասխանում իրականությանը»։
«Սա քննադատություն չէ, սա տեսակետ չէ, սա օբյեկտիվության անվան տակ ներկայացվող բացահայտ անամոթություն է։ Եվ ադրբեջանական կողմն այդ մասին գիտի․ մենք պարբերաբար անցկացնում ենք համապատասխան խորհրդակցություններ և շփումներ, բարձրացնում ենք այդ հարցերը, փոխանակվում նյութերով։ Եվ կարծում եմ՝ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը նույնպես շատ լավ գիտի, թե ինչպես ենք մենք նպաստում հարցերի կարգավորմանը, երբ խոսքն իսկապես ինքնիշխան Ադրբեջանի վերաբերյալ փաստերի խեղաթյուրման կամ անարժան նյութերի մասին»,- հայտարարել է Զախարովան։
Նա ասել է, թե ինքը կարող է համաձայնել Ադրբեջանի դեսպանի հետ «այն առումով, որ մեդիադաշտում ստեղծված իրավիճակը շտկման կարիք ունի»։
«Հետևաբար, մենք կրկին կոչ ենք անում ադրբեջանական կողմին՝ քննարկել կուտակված խնդիրները և գտնել դրանց լուծման ուղին։ Ընդհանուր առմամբ, խնդիրների լուծման թեժ գծերը գոյություն են ունեցել, գոյություն ունեն և գործում են հիանալիւ։ Նման մոտեցումը լիովին համապատասխանում է մեր երկրների նախագահների կողմից 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ոգուն և տառին»,- եզրափակել է Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, պատասխանելով RTVI-ի հարցին՝ արդյո՞ք վերջին իրադարձությունները կարող են հարաբերություններում նոր ճգնաժամ համարվել, հայտարարել էր, որ «Բաքուն հանձնառու է Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցության սկզբունքների հիման վրա»։
Սակայն, դիվանագետի խոսքով, «դաշնակցային փոխգործակցության զարգացումն ու հռչակագրի դրույթների իրականացումը դժվարանում են Ադրբեջանի նկատմամբ ծայրահեղ բացասական տեղեկատվական ֆոնի պայմաններում, որը նպատակաուղղված ձևավորվում է որոշ ռուսաստանցի փորձագետների, բլոգերների և լրագրողների կողմից՝ իրենց սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում»։
Ռահման Մուստաֆաևի ներկայացրած գնահատականների համաձայն՝ «այսօր առնվազն 96 ռուսական լրատվական պորտալներ, Telegram և YouTube ալիքներ, ինչպես նաև այլ ԶԼՄ-ներ, որոնք ունեն բազմամիլիոնանոց լսարան, այս կամ այն պարբերականությամբ տարածում են Ադրբեջանի՝ որպես Ռուսաստանին «ոչ բարեկամ» պետության վերաբերյալ թեզեր, և այդ թիվն օրեցօր աճում է»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի