1960 թվականի «գիտական» կանխատեսմամբ՝ նոյեմբերի 13-ին պետք է գար «աշխարհի վերջը»

Համաձայն 1960 թվականին կատարված մի հայտնի հետազոտության՝ նոյեմբերի 13-ին իբր պետք է գար աշխարհի վերջը։ Թեև այս պնդումը չափազանց դրամատիկ է հնչում և վաղուց արդեն հնացել է, այն շարունակում է մնալ պատմության մեջ բնակչության աճի և մարդկության հնարավոր ճակատագրի մասին ամենահայտնի գիտական տեքստերից մեկը:

Ինչպես հաղորդում է Euronews-ը, ավստրիացի-ամերիկացի ֆիզիկոս Հայնץ ֆոն Հերթերի գլխավորած հետազոտական խումբը դեռևս 66 տարի առաջ՝ հեղինակավոր Science ամսագրում, հրապարակել էր մի սադրիչ վերնագրով հոդված՝ «Doomsday: Friday, 13 November, A.D. 2026»: Մաթեմատիկական բանաձևի միջոցով գիտնականները հաշվարկել էին, որ 2026 թվականի նոյեմբերի 13-ին Երկրի բնակչության աճի կորը պետք է ձգտեր անվերջության, ինչը նշանակում է, որ գերբնակեցման պատճառով մարդկությունը պարզապես պետք է «խեղդվեր»։

Իրականում, ինչպես նշում է Euronews-ը, Հայնץ ֆոն Հերթերն այս կանխատեսմամբ առաջին հերթին ձգտում էր հասարակության ուշադրությունը հրավիրել այն ժամանակներում ակտիվորեն քննարկվող գերբնակեցման խնդրի վրա։ Թեև մինչև 1990-ականների սկիզբը մաթեմատիկական մոդելն զարմանալիորեն ճշգրիտ էր արտացոլում իրական տվյալները, հետագայում համաշխարհային բնակչության աճի տեմպերը նկատելիորեն դանդաղեցին։ Եթե 1963 թվականին աճի տեմպը տարեկան կազմում էր ավելի քան երկու տոկոս, ապա մինչև 2020 թվականը այն իջել էր մինչև մեկ տոկոսից պակաս:

ՄԱԿ-ի գնահատականներով՝ Երկրի բնակչությունը իր գագաթնակետին՝ մոտ 10,3 միլիարդ մարդու, կհասնի միայն 2080-ականների կեսերին, որից հետո աստիճանաբար կսկսի նվազել։

Euronews-ը հիշեցնում է, որ պատմության մեջ սա «աշխարհի վերջի» առաջին կանխատեսումը չէ. մարդկությունը պարբերաբար բախվել է նման մարգարեությունների՝ սկսած 1910 թվականի Հալլեի գիսաստղի պատճառով առաջացած խուճապից մինչև 2012 թվականի մայաների օրացույցի ավարտը։ Հետևաբար, եթե ոմանք պլանավորել էին աշխարհի վերջին ընդառաջ հայտնել ղեկավարությանն իրենց իրական կարծիքը, Euronews-ը խորհուրդ է տալիս վերանայել այդ պլանները, քանի որ կանխատեսումներն ուղղակի մեխանիկորեն երկարաձգել էին անցյալի միտումները՝ անտեսելով մարդկության հարմարվելու և խնդիրներին արձագանքելու ունակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment