Մահացել է «Բոսնիական սպանդի» հեղինակ, ցմահ ազատազրկված Ռատկո Մլադիչը

Հաագայի բանտային հիվանդանոցում 84 տարեկան հասակում մահացել է բոսնիացի սերբերի նախկին ռազմական առաջնորդ Ռատկո Մլադիչը: Այս մասին հայտնում է սերբական RTS պետական հեռուստառադիոընկերությունը:

1992-1995 թվականների բոսնիական պատերազմի ընթացքում Մլադիչը գլխավորում էր բոսնիացի սերբերի բանակը: Նրա ստորաբաժանումները ավելի քան երեք տարի պաշարման մեջ էին պահում Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոն, որի ընթացքում անընդհատ կրակի տակ էին պահում քաղաքացիական բնակչությանը՝ պատճառ դառնալով շուրջ 11 հազար մարդու մահվան: Բացի այդ, 1995 թվականի հուլիսին Սրեբրենիցայում Մլադիչի հրամանատարությամբ սպանվեց 8 հազար բոսնիացի, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամասշտաբային զանգվածային սպանդն էր:

Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը (ՆՀՄՏ) դեռևս 1995 թվականին էր նրա նկատմամբ մեղադրանք առաջադրել: Մլադիչը թաքնվում էր արդարադատությունից մինչև 2011 թվականը, երբ նրան ձերբակալեցին Սերբիայում: Միջազգային դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ ռազմական հանցագործությունների և ցեղասպանության համար: Մլադիչն այդպես էլ չընդունեց իր մեղքը՝ պնդելով, թե ընդամենը պաշտպանել է իր ժողովրդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment