Հայաստանը նման թեմա քննարկում է նաև Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ, ասել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանը դիտարկում տարբեր երկրներից` այդ թվում Ադրբեջանից անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիա ներկրելու հնարավորությունը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հոսանքի տարբեր ռեժիմներ կան։ Երբեմն լինում է, որ երկրներն ավելցուկ են ունենում, երբեմն լինում է, որ պահանջարկ են ունենում։ Նաև նկատի ունենալով արհեստական բանականության ոլորտում Հայաստանի ներդրումները՝ մեզ պետք է հասկանալ՝ եթե անհրաժեշտություն լինի, հնարավորություն կա՞ որևէ տեղից էլեկտրական էներգիա ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանից»,– ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Լաչինում Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ գերատեսչությունների ներկայացուցիչների վերջին հանդիպմանը։
Վարչապետը նշեց, որ Հայաստանը նման թեմա քննարկում է նաև Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ:
«Ավելին ասեմ՝ նախագիծ կա, որը ԵՄ-ն է ֆինանսավորում, և Վրաստանի հետ սահմանին փոխակերպիչ կայան է կառուցվում, որպեսզի հոսանքի արտահանում-ներմուծումն ավելի հեշտանա»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Լաչին քաղաքում տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։