«Ի՞նչն էր խանգարում անել այդ իշխանափոխությունը ու այսօր չհասնել ԱԺ»․ Նազելի Բաղդասարյանը՝ ընդդիմադիրներին

«Ի՞նչն էր խանգարում անել այդ իշխանափոխությունը և չհասնել այսօր ԱԺ։ Իշխանափոխության ցանկացած նկրտում, որն ընդդիմությունն ունեցել է, ձախողվել է հունիսի 7-ին։ Այնպես որ, հորդորում եմ գալ կառուցողական դաշտ ու աշխատել այն օրակարգի ներքո, որը թելադրում է իշխանությունը»,- Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածության և նրա՝ իշխանափոխության պահանջի մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ ընդդիմադիր ուժերի օրակարգը դրսից է թելադրվում։

Փաստմանը՝ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե «Քոչարյանին «ուծեչկա» տվողի հետևից գնալու են, գտնելու ենք, ու ես իրենց չեմ նախանձում» և հարցին՝ սա բռնության կոչ չէ՞, Նազելի Բաղդասարյանն այսպես արձագանքեց․ «Վարչապետի մեկնաբանությանն անձամբ ծանոթ չեմ, այժմ վարչապետի խոսնակը չեմ, որ մեկնաբանեմ։ Նրա խոսքերը մեկնաբանության կարիք չունեն, և իր ասածին ավելացնելու ոչինչ չունեմ»։

Լրագրողների դիտարկմանը՝ խոսում եք բարեվարքությունից, բայց ՀՀ վարչապետի ելույթը, որը հատում է բարեվարքության սահմանները ԱԺ նիստերի դահլիճում չի ընդհատվում, իսկ պատգամավորի նկատմամբ այլ վերաբերմունք է ցուցաբերվում, Նազելի Բաղդասարյանն այսպես արձագանքեց․ «Պետք է տարբերակել գնահատողական դատողություններն ու պիտակավորումները։ Եթե դա անենք, նման հարցեր չեն առաջանա»։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի այն դիտարկումներին,  թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ՀՀ երեք լիդերներին «գլխատել», որպեսզի իր ձեռքերն ազատ լինեն Ալիևի պահանջները բավարարելու համար, ՔՊ խմբակցության պատգամավորն ասաց․ «Չգիտեմ՝ տիկին Գրիգորյանն ինչ մտայնության մեջ է, բայց կարծում եմ՝ նա, երբ ամեն անգամ ասում է՝ ինչ կարող եք ժառանգել մեզնից, մի բան ժառանգել են, պատգամավոր, որ իրենց խմբակցության ղեկավարն է։ Արդարության պահանջը, որը կա հայաստանյան հասարակության մեջ, մի փոքր էլ ուշացած է։ Եթե որևէ գնահատական տամ, ընդդիմադիր գործընկերների կողմից կարող է մեկնաբանվել, որ իրավապահ համակարգի նկատմամբ հերթական ճնշումն է գործադրվում։ Դեռ իրենք պետք է ապացուցեն այդ ապօրինի գույքերի ծագումնաբանությունը, այդ էպոպեային դեռ երկար հետևելու ժամանակ կունենանք։ Դա մեր հանձնառությունն է եղել և ժողովրդի պահանջը։ 720 հազար քաղաքացի մեզ քվե է տվել նաև դրա համար»։

Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment