Նիկոլ Փաշինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց, որ եթե իրավապահ համակարգում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին տեղեկություններ փոխանցող անձանց անուններն ու նրանց դեմ ապացույցները չներկայացվեն, ապա համակարգում զանգվածային ազատումներ են լինելու։
«Խլուրդ են ասում չէ՞ իրավապահ համակարգում, խլուրդ, որ ներսից ինֆորմացիա ա դուրս տալիս»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ինքը իրավապահ համակարգի առաջ արդեն դրել է այդ անձանց բացահայտելու խնդիրը։
«Ասել եմ՝ գտեք։ Եթե կոնկրետ ժամկետում չգտաք, ուրեմն բոլորը․․․ ես ում նայեմ՝ ասելու եմ՝ ուրեմն ինքն ա»,- հայտարարեց նա։
Փաշինյանն ասաց, որ տեղեկությունների արտահոսքի աղբյուրներին չբացահայտելու դեպքում պաշտոնանկությունները կարող են զանգվածային լինել։
«Եթե էդ անուններն ու ապացույցները չեղան, ես ուղիղ ասում եմ՝ իրավապահ համակարգի իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու»,- ասաց նա։
«Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմ դուրս եկավ՝ հրաման եմ տալու ազատել»,- հայտարարեց վարչապետը։
Նա պարզաբանեց, որ չի խոսում դատախազների կամ դատավորների նշանակման ու ազատման մասին, այլ այն պաշտոնների, որոնք գտնվում են իր կամ իր կողմից նշանակված պաշտոնյաների որոշումների տիրույթում։
«Զանգվածային, այ տեսեք՝ ուղիղ ասում եմ ժամանակը, ժամացույցը գնում ա։ Էդ ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրները չեղան, զանգվածային ազատումներ են լինելու համակարգում, էն կանխավարկածով, որ ոնց էլ լինի, դա ազատվածների մեջ կլինի»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ երեկ ԱԺ ամբիոնից իշխանական Տարոն Չախոյանը հայտարարել էր․ «Պարզվում է իրավապահ համակարգում կան անձինք, ոչոնք իրենց թույլ են տվել ծառայություններ մատուցել Ռոբերտ Քոչարյանին։ Այս պրոցեսի մասին, որ տեղի է ունենալու քրեական գործ, դրա վարույթում ձերբակալություն, էս կողմ, էն կողմ, դրա մասին տեղյակ են պահել նաև Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին։ Դրա համար էլ երկու օր առաջ վարչապետի ներկայությամբ Քոչարյան կրտսերը՝ Լևոն Քոչարյանը, վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ խոսույթը սրեց՝ վիրավորանքներ հնչեցնելով, Վահագն Ալեքսանյանից պատասխան ստացավ, հնչեց վարչապետի հայտարարությունը, որպեսզի հետո փորձեն դա «մատի փաթաթան» սարքեն, ասեն՝ այ տեսեք, եկավ Ազգային ժողովի ամբիոնից շատ ուղիղ հրահանգ տվեց իրավապահ համակարգին, որ գնացեք և գործողություններ իրականացրեք։ Ձեզ ինֆորմացիա տվողների ձեռքերն էլ ենք կտրելու, օրենքով, իհարկե, ձեզ ծառայություն մատուցող իրավապահ համակարգի աշխատակիցները օրենքի առաջ խստագույնս պատժվելու են ու այլևս չի հաջողվելու զերծ մնալ պատասխանատվությունից»։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան