Ճամբարակում «Ֆեստիվառի» երրորդ համերգի համար ևս 23,2 մլն դրամ կհատկացվի

Բաժանորդագրվել

Գումարը կտրամադրվի ԿԳՄՍ նախարարությանը «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» միջոցառման համար նախատեսված հատկացումներից։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Կառավարությունն 23 մլն 177,4 հազար դրամ լրացուցիչ գումար կհատկացնի Ճամբարակում օգոստոսի 29-ին նախատեսված «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի երրորդ համերգի կազմակերպման համար։ Գործադիրի հաստատած նախագծի համաձայն` գումարը կվերաբաշխվի ԿԳՄՍ նախարարությանը «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» միջոցառման համար նախատեսված հատկացումներից։

Ըստ նախագծի` Ճամբարակի համերգի ընդհանուր նախահաշիվը, որը ներկայացրել է Հանրային հեռուստաընկերությունը, կազմում է 51 մլն 237 հազար դրամ։ «Ֆեստիվառի» ծրագրում այս պահին առկա է 28 մլն 59,6 հազար դրամ, ուստի միջոցառումն ամբողջությամբ ֆինանսավորելու համար պակասում է 23 մլն 177,4 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Հիմնավորման մեջ նշված է, որ 2026 թվականին «Ֆեստիվառի» համար ընդհանուր առմամբ նախատեսված էր 180 մլն դրամ։ Թալինում և Գորիսում արդեն անցկացված երկու համերգների կազմակերպման համար հատկացվել է 152 մլն 319,4 հազար դրամ։

Ճամբարակում նախատեսված համերգին ելույթ կունենան Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ը, Աթենա Մանուկյանը, Էմմին, Սիմոնը, Պարգը, Սրբուկը և Արծվիկը, ինչպես նաև պարային խմբեր։ Կազմակերպիչներն ակնկալում են շուրջ 10 հազար հանդիսատես։

«Ֆեստիվառը» մեկնարկել է 2023 թվականին։ Առաջին տարում Վանաձորում, Գավառում և Սիսիանում անցկացված միջոցառումներն ունեցել են շուրջ 50 հազար այցելու։ 2024-ին Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում փառատոնին մասնակցել է շուրջ 57 հազար, իսկ 2025-ին Արտաշատում, Հրազդանում և Արմավիրում՝ շուրջ 55 հազար մարդ։

Leave a comment