Նոր Հաճնում նոր գործարան է հիմնվելու․ ընկերությունը կօգտվի մաքսատուրքի արտոնությունից

Բաժանորդագրվել

Ծրագրում փոփոխություն են կատարվում, քանի որ ներմուծած սարքավորումներից մեկի ծածկագիրը, անվանումը և բնութագիրը սխալ են նշված եղել։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. «ՏԵԽԿԱՄ ՏՏԿ» ընկերությունը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում նախատեսում է հիմնել նոր գործարան՝ ճշգրիտ տեխնիկական քարերի արտադրության համար։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախագծում նշված է, որ «ՏԵԽԿԱՄ ՏՏԿ»-ն արտադրելու է սինթետիկ սապֆիրից, ագաթից, սիտալից և կերամիկայից ճշգրիտ տեխնիկական քարեր։ Արտադրության համար ընկերությունը Հայաստան է ներմուծում անհրաժեշտ հումք և տեխնոլոգիական սարքավորումներ։

Նշենք, որ դեռևս 2023 թվականի փետրվարի 23-ին կառավարությունը բավարարել էր ընկերության հայտը և թույլատրել ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի համար օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից։

Սակայն նախկին որոշման մեջ տեխնիկական փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ ներմուծման ընթացքում պարզվել է, որ ընկերության ներմուծած սարքավորումներից մեկի ծածկագիրը, անվանումը և բնութագիրը սխալ են նշված եղել։

Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին, իսկ ներդրումային ծրագրի արտադրական գործունեությունն իրականացվելու է Նոր Հաճնում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ մաքսային արտոնությունը պետք է նպաստի ներդրումային ծրագրի իրականացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տեղական արտադրության և արտահանման ավելացմանը, ինչպես նաև մշակող արդյունաբերության տեխնիկական հագեցվածության բարձրացմանը։

Leave a comment