Հայաստանում ինքնիշխանության մասին կենացասացները կարծես թե անուշադրության մատնեցին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե՝ ուրախ կլինեն, եթե ՀԱՊԿ անդամները կայացնեն Հայաստանին հեռացնելու որոշում, մեզ ազատելով այդ դիլեմայից։ Իհարկե «ինքնիշխանության» մի ճառասաց էլ Փաշինյանն է, որը սակայն այս դեպքում ուրախությամբ արտապատվիրակում է Հայաստանին առնչվող ինքնիշխան որոշումը ՀԱՊԿ անդամներին, այդ թվում՝ «ոխերիմ թշնամի» Լուկաշենկոյին։
Ամեն ինչում «աննախադեպ ինքնիշխան» Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, ՀԱՊԿ անդամներին է կոչ անում կայացնել որոշում իր փոխարեն եւ իրեն ազատել այդ խնդրից։ Իսկ ինչո՞ւ Հայաստանի վարչապետն ինքը իրեն չի ազատում դրանից, կայացնելով ՀԱՊԿ լքելու մասին որոշում։ Ու այս ամենը դուրս մնաց «ինքնիշխան ֆունդամենտալիզմի» հետեւորդների ուշադրությունից։ Թեեւ, զարմանալի չէ, որովհետեւ «ինքնիշխանությունից» ավելի՝ նրանք երկրպագում են Ռոբերտ Քոչարյանի ազատազրկմանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը՝ «ինքնիշխանությունը» արտապատվիրակելով ՀԱՊԿ–ին մի կողմից, մյուս կողմից բավարարեց «ինքնիշխան ֆունդամենտալիստների» առավել բուռն մոլուցքը՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հետապնդումը։
Գործնականում, այս՝ երկրորդական կամ դրվագային թվացող հանգամանքը լավագույնս ի ցույց դրեց երկու բան։ Նախ, թե բովանդակային, սկզբունքային եւ արժեքային ինչ մակարդակի են «ինքնիշխանության» մասին ճառերը՝ դրանք գործնականում ոչ մի կապ չունեն ինքնիշխանություն հասկացության ու արժեքի հետ։
Եվ երկրորդ՝ ի՞նչ մակարդակի է պետական կարեւոր հարցերի վերաբերյալ որոշումների կայացման մեխանիզմը, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանության բարձրագույն ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությանը վերաբերող կարեւոր հարցերից մեկի վերաբերյալ որոշումը «հանձնում» է ՀԱՊԿ անդամներին, այն էլ՝ ուրախությամբ։
Հետաքրքիր է, եթե օրինակ Ադրբեջանը Հայաստանից պահանջեր այդ որոշման կայացման իրավասությունը տրամադրել իրեն՝ հանուն խաղաղության, Նիկոլ Փաշինյանն արդյոք կհամաձայնե՞ր դրան, իրեն բնորոշ ոճով «փաստարկելով», որ Հայաստանն էլ կկայացնի ՀԱՊԿ-ից Ադրբեջանի դուրս գալու վերաբերյալ որոշում, եթե իհարկե Ադրբեջանը մի օր անդամակցի ՀԱՊԿ–ին, իսկ հետո սառեցնի անդամակցությունը։
Ի դեպ, պաշտոնական Երեւանը դեռ չի արձագանքել Կրեմլից հնչած մտքին, թե՝ Հայաստանը կարող է ինքը կայացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում, եթե ցանկանում է։ Երեւանը չի արձագանքել, որովհետեւ վարչապետ Փաշինյանի որոշմամբ թերեւս ոչ թե ՀԱՊԿ անդամությունն է սառեցված, այլ հայկական պետականությունը։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: