Ամեն օր ժողովրդավարությունից խոսող քաղաքական ուժը պատրաստ չէ լսել այլակարծություն։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
«Հայաստանում ցանկացած մարդ, եթե նույնիսկ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, եթե քաղաքական այլակարծություն է արտահայտում, որը չի համընկնում իշխանության տեսակետի հետ, տեսնում ենք՝ սկսվում է քաղաքական հետապնդումների շարք։ Նրանք պետք է առերեսվեն այս իրողության հետ, հաշվի նստեն այս իրողության հետ՝ անկախ նրանից՝ այս դիտարկումները հաճելի են, թե ոչ»,– ասաց Յոլյանը։
ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Յոլյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է՝ իրեն չընտրեն, և ինչպես նա դա կընկալի։
«Եթե չընտրեն, նորմալ եմ ընկալում, որովհետև նախ և առաջ այստեղ եկել եմ հանրության խնդիրների մասին խոսելու։ Այն քաղաքացիները, որոնք մեզ մանդատ են տվել, ամենևին չեն տվել, որ գանք այստեղ լուռ նստենք ու չհակադրվենք։ Մանդատ ենք ստացել, որ կարողանանք այստեղ անկաշկանդ խոսել բոլոր այն խնդիրների ու մարտահրավերների մասին, որոնք մեր երկրում առկա են։ Ինչքանով են պատրաստ իրենք լսել, դա հարցի մյուս կողմն է։
Անկախ նրանից՝ կընտրվեմ, թե չեմ ընտրվի, շարունակելու եմ նույն կերպ խոսել հանրային խնդիրների մասին, նույն կերպ խոսել ապօրինությունների մասին ու հետամուտ լինել, որ համայնքներին հուզող հարցերը, որոնք որևէ կերպ ներառվել են կառավարության 2026-2027 թթ. ծրագրում, անպայման՝ բոլոր խնդիրները, ստանան իրենց լուծումները»,- հավելեց պատգամավորը։
Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ իր անձով պայմանավորված իրեն չընտրեն հանձնաժողովի նախագահ, Յոլյանն այսպես արձագանքեց.
«Իրենք, երբ թեկնածուներ են առաջադրում, կան մարդիկ, որոնք մասնագիտական կրթություն չունեն, որևէ ոլորտային հմտություններ չունեն, որովհետև չեն աշխատել, բայց իրենց թեկնածությունն առաջադրում են ու ընտրվում են։ Սա արդեն շատ բանի մասին է խոսում։ Եթե անձով է պայմանավորված, խնդիր չկա»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: