ՀԷՑ-ը վեց լրատվամիջոցի դեմ դատական հայցեր է ներկայացրել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վեց առանձին հայց է ներկայացրել լրատվամիջոցների դեմ՝ 2026 թվականի հունիսի 7-ին ընտրատեղամասերում և Երևանի տարբեր հատվածներում հոսանքազրկումների մասին հրապարակումների համար, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Ընկերությունը պահանջում է հերքել հրապարակված տեղեկությունները և, կախված գործից, բռնագանձել 100 հազարից մինչև 500 հազար դրամ՝ որպես գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։

Հայցերը ներկայացվել են «Ռադիո Ավրորա» ՍՊԸ-ի, «Ալֆա Մեդիա Հաուզ» ՍՊԸ-ի, «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի, «Սոուշըլ Մեդիա» ՍՊԸ-ի, «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի և «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի դեմ։

«Ռադիո Ավրորա» ՍՊԸ-ի դեմ ներկայացված հայցը վերաբերում է հունիսի 7-ին Radio Aurora-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Գյումրիում տեղամասեր են հոսանքազրկվել» տեղեկությանը։ ՀԷՑ-ը պահանջում է հրապարակայնորեն հերքել տեղեկությունը և ընկերությունից բռնագանձել 500 հազար դրամ։

«Ալֆա Մեդիա Հաուզ» ՍՊԸ-ի դեմ հայցը վերաբերում է հունիսի 7-ին Alpha News-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությանը, ըստ որի՝ 17/37, 18/6, 18/14, 18/32, 18/54, 18/79 և 11/8 ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են եղել։ ՀԷՑ-ը պահանջել է հրապարակայնորեն հերքել տեղեկությունը և ընկերությունից բռնագանձել 500 հազար դրամ։

«Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի դեմ ներկայացված հայցը վերաբերում է Hayeli.am-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Համատարած հոսանքազրկումներ» տեղեկությանը։ Հրապարակման մեջ նշվել է, որ հոսանքազրկված են 13/7, 13/6, 14/4, 13/37, 13/44, 18/14, 15/53, 15/54, 12/49 և 14/44 ընտրատեղամասերը։

ՀԷՑ-ը պահանջում է հրապարակայնորեն հերքել տեղեկությունը և կազմակերպությունից բռնագանձել 500 հազար դրամ։

«Սոուշըլ Մեդիա» ՍՊԸ-ի դեմ հայցը վերաբերում է հունիսի 7-ին Mamul.am-ի կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակված «Ամբողջ Ավանում հոսանք չկա». Սուրեն Ներսիսյան» նյութին։ Դրանում մեջբերվել է փաստաբան Սուրեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը։

ՀԷՑ-ը պահանջում է հրապարակայնորեն հերքել տեղեկությունը Mamul.am-ի կայքում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև ընկերությունից բռնագանձել 500 հազար դրամ։

«Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի դեմ հայցը վերաբերում է հունիսի 7-ին Aravot-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Համատարած հոսանքազրկումներ» և «Նշված ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են» նյութերին։ Հրապարակումներում նշվել է մի շարք ընտրատեղամասերում էլեկտրաէներգիայի բացակայության մասին։

ՀԷՑ-ը պահանջում է հրապարակայնորեն հերքել տեղեկությունները և ընկերությունից բռնագանձել 500 հազար դրամ։

«Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի դեմ հայցը վերաբերում է հունիսի 7-ին Hraparak.am կայքում հրապարակված «Համատարած հոսանքազրկումներ» նյութին։ Դրանում նշվել է, որ հոսանքազրկված են 13/7, 13/6, 14/4, 13/37, 13/44, 18/14, 15/53, 15/54, 12/49 և 14/44 ընտրատեղամասերը։

ՀԷՑ-ը պահանջում է հրապարակայնորեն հերքել տեղեկությունը և ընկերությունից բռնագանձել 100 հազար դրամ։

Գործի քարտում նաև նշված է հաշտության համաձայնության հիման վրա վճիռը վերանայելու մասին միջնորդության ներկայացման մասին, սակայն դրա արդյունքի և պայմանների վերաբերյալ տեղեկություն հրապարակված չէ։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

Armenia Today

Leave a comment