Քաղաքականություն
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է սպառնալիք Հունգարիայի, Եվրոպայի ու «համաշխարհային կարգի» համար։ Այս մասին ասվում է Հունգարիայի կառավարության կողմից սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում պատվիրակությանն ուղղված հանձնարարականներում։ Փաստաթուղթը ստորագրվել է վարչապետ Պետեր Մագյարի կողմից և հրապարակվել հունգարական պաշտոնական թերթում՝ «Magyar Közlöny»-ում օգոստոսի 25-ին, գրում է Current time-ը։
«Հունգարիան դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան, լիովին աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում և ճանաչում Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը։ Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են Հունգարիայի, Եվրոպայի և համաշխարհային կարգի համար, ինչպես նաև լուրջ սպառնալիք են ներկայացնում Անդրկարպատիայում բնակվող հունգարական փոքրամասնության համար, այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք ուղղված են կայուն խաղաղության և երկարաժամկետ անվտանգության երաշխիքների հասնելու համար բանակցություններ սկսելուն»,- ասվում է փաստաթղթում։
Այն նաև պարունակում է հունգարական պատվիրակության համար այլ հրահանգներ՝ միգրացիայի հարցում Բուդապեշտի դիրքորոշման, Գազայի հակամարտության, Իրանի և Լիբանանի, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ։
Հուլիսի կեսերին Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուսին-Սենդին հայտարարել էր, որ երկիրը «փակում է դուռը» Ռուսաստանի առջև և պետք է «վերականգնի վստահությունն» իր դաշնակիցների հետ։
Հունգարիայի նախորդ կառավարությունը՝ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, սերտ կապեր էր պահպանում Մոսկվայի հետ, արգելափակում էր ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները, քննադատում էր Կիևին և թույլ չէր տալիս այլ եվրոպական երկրներին ընդունել Ուկրաինայի համար նախատեսված օգնության փաթեթները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի