Չինաստանն ուղղակիորեն զգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ ընդգծելով Պեկինի և Թեհրանի երկկողմ հարաբերություններին ցանկացած տեսակի միջամտության անթույլատրելիությունը: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, անդրադառնալով Իրանի հետ տնտեսական կապեր պահպանող երկրների դեմ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքներին, ընդգծել է, որ Պեկինի և Թեհրանի համագործակցությունը միշտ իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակում:
Չինացի դիվանագետը շեշտել է, որ իրենց համագործակցությունը չպետք է ենթարկվի որևէ ճնշման կամ խաթարման: Նա հավելել է, որ Պեկինը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները սեփական օրինական իրավունքներն ու շահերը վճռականորեն պաշտպանելու համար:
Այս կոշտ արձագանքը հնչել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարություններից հետո, ով սպառնացել էր Իրանի դեմ սահմանել «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»՝ զգուշացնելով, որ երկրորդային պատժամիջոցներ կկիրառվեն բոլոր այն պետությունների նկատմամբ, որոնք ապրանքաշրջանառություն կամ փոխգործակցություն կպահպանեն Թեհրանի հետ: