«Տիկին Յոլյան, կպատմե՞ք՝ 2020 թ․ դեկտեմբերին ո՞նց GPS-ով գաղտագողի կտրեցին Գորիս-Կապան ճանապարհը»

«ՀՀ-ում իշխանափոխություն պետք է տեղի ունենա, Հայաստանը պետք է ունենա վարչապետ, ով ի զորու է երկիրը տանել զարգացման ճանապարհով»,-ասաց Իրինա Յոլյանը։

ԱԺ-ն քննարկում է Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Այս պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Իրինա Յոլյանի (լուսանկարում) թեկնածությունը։

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրեց Յոլյանին, թե ինչո՞ւ էր նա հրաժարական ներկայացրել Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից։

«Ես բազմաթիվ հարցազրույցներում ասել եմ, որ հատկապես պատերազմը փոխել է իմ կյանքը, իմ կյանքը սահմանագիծ ունի՝ մինչեւ պատերազմ եւ պատերազմից հետո։ Պատերազմից հետո իմ վերաբերմունքը շատ հարցերում փոխվել է։ Այո, կարծում եմ, որ ՀՀ-ում իշխանափոխություն պետք է տեղի ունենա։ Հայաստանը պետք է ունենա վարչապետ, ով ի զորու է երկիրը տանել զարգացման ճանապարհով»,- ի պատասխան ասաց Յոլյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց Իրինա Յոլյանին․ «Կպատմե՞ք՝ 2020 թվականի դեկտեմբերին ո՞նց գաղտագողի՝ առանց սահմանազատման, առանց սահմանագծման GPS-ով կտրեցին Գորիս-Կապան ճանապարհը»։

Իրինա Յոլյանն ասաց․ «Ես պատահական չասացի, որ իմ կյանքի սահմանագիծը պատերազմից առաջ ուրիշ էր, պատերազմից հետո ուրիշ վերաբերմունք ունեմ։ Ինչպես նախկինների օրոք, այնպես էլ հիմա որեւէ կերպ կաշկանդված չեմ խոսել այն խայտառակ քաղաքական ձախողումների մասին, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակ։ Երբ Գորիս-Կապան ճանապարհին արդեն առաջին ադրբեջանական հենակետը կար, ես բոլոր փաստաթղթերը հանեցի, Կադաստրի թուղթը կա, որ 1964 թվականի ԽՍՀՄ մինիստրների խորհուրդն ուներ որոշում այդ ճանապարհը կառուցելու։ Եվ դա այն փաստաթուղթն էր, որով պետք է բանակցությունները վարվեին եւ ամեն ինչ արվեր, որ այդ ճանապարհը մնար բաց։ Ցավոք ունենք այն, ինչ ունենք այսօր։ Դրա համար ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ասում եմ, որ այդ աղետաբեր գործընթացը բերեց նրան, որ մենք կորցրեցինք Արցախը, ունեցանք հազարավոր զոհեր, որ արդեն վեց տարի Արդբեջանի զինված ուժերը շարունակում են վերահսկել մեր սուվերեն տարածքը։ Դա է պատճառը, որ վստահ եմ, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա։ Եվ Հայաստանը պետք է կառավարի մարդ, այս դեպքում՝ պարոն Սամվել Կարապետյանը, ով կարող է Հայաստանը տանել զարգացման ճանապարհով»։

Յոլյանը նշեց, որ իր կարծիքով՝ Գորիսին հատուկ քաղաքի կարգավիճակ պետք է տալ, որպեսզի Գորիսում ապրող մարդիկ իրենց թիկունքն ամուր զգան։

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հարցրեց․ «Տիկին Յոլյան, որ ասում եք՝ վեց տարի է՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինված ուժեր են, դուք իրապես չգիտե՞ք, որ ՀՀ մի շարք տարածքներում ադրբեջանական զինված ուժերը 30 տարուց ավելի են։ Ձեր գործընկեր Անուշավան Մանուչարյանը Տավուշի մարզից է, կարո՞ղ է հետաքրքրվեք՝ Տավուշում դեպք կա, որտեղ իրենք են պետական սահմանից առաջ ու 30 տարուց ավելի։ Տեղ կա՝ մենք ենք առաջ»։

«Ես ծնվել եմ Գորիսում, մեծացել եմ Գորիսում, իմ ապուպապերը եղել են Գորիսից, իմ պապերի պատմածով էլ, իմ տեսածով էլ թշնամին Սյունիքի տարածքից 160 կմ հեռավորության վրա է եղել։ Ես չեմ տեսել։ Ձեր կառավարման տարիներին, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Սեւ լիճ, ես հայտարարություն տարածեցի եւ ամենավատ լուտանքներով, հայհոյանքներով իմ լուսանկարները հրապարակում էին, ասում էին՝ ես սուտ եմ տարածում։ Հետո փաստվեց, որ, այո, ադրբեջանցիները եկել են եւ շատ հատվածներում դիրքավորվել են, ավելին՝ սկսեցին շինարարություն իրականացնել։ Ես հույս ունեմ, որ սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում Հայաստանի գլխավոր դատախազը կգնա այդ տարածքներ՝ ապօրինի շենքի-շինությունների քանդման որոշումով»,- արձագանքեց Իրինա Յոլյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment