Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ

Հայ գործարար Կարեն Սաֆարյանին պատկանող Arins Group ընկերությունը ձեռք է բերում վրացական Terabank բանկը և Թբիլիսիի Biltmore հյուրանոցը, որոնք մինչ այժմ պատկանում էին ԱՄԷ-ից խոշոր ներդրող Arab Dabi Group-ին, գրում են վրացական լրատվամիջոցները։

Գործարքի գումարը չի հրապարակվում։ Terabank-ը պաշտոնական մամուլի հաղորդագրություն է տարածել, որում հայտարարվում է ընկերությանը «նոր ռազմավարական ներդրողի» միացման մասին։

«Վրաստանն ընտրվել է որպես տարածաշրջանային ընդլայնման առաջնահերթ շուկա՝ հաշվի առնելով երկրի տնտեսական աճի դինամիկան, հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը և ֆինանսական հատվածի կայուն վերահսկողության համակարգը»,- ասվում է բանկի հայտարարության մեջ։

Ըստ մամուլի հաղորդագրության՝ «գործարքը նախատեսվում է ավարտել Վրաստանի Ազգային բանկի կողմից անհրաժեշտ թույլտվությունները տրամադրելուց հետո»։

Նշվում է նաև, որ Terabank-ի բաժնետիրոջ և Լյուքսեմբուրգում գործող AGE S.A. ընկերության միջև կնքվել է համաձայնագիր՝  բանկի բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ։ AGE S.A.-ն Arins Group-ի ֆինանսական էկոհամակարգի մաս է կազմում, որի մեջ է մտնում նաև Հայաստանի Ardshinbank-ը։

Terabank-ը Վրաստանի վեցերորդ խոշորագույն բանկն է ակտիվների ծավալով։ 2026 թվականի հուլիսի դրությամբ՝ դրա ընդհանուր ակտիվները կազմել են 2,27 միլիարդ լարի։

Terabank-ի մամուլի հաղորդագրության մեջ չի հիշատակվում Biltmore հյուրանոցը, սակայն հետագայում հրապարակվել է լյուքսեմբուրգյան AGE S․A․ կառավարչական ընկերության հայտարարությունը, որում ևս հիշատակվում է հյուրանոցի վաճառքը, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Երկու օր առաջ Վրաստանի Ազգային բանկը հայտարարել էր, որ տեղյակ է հայկական բանկի կողմից Վրաստանում ակտիվների նկատմամբ հետաքրքրության մասին, սակայն այս փուլում կարգավորող մարմինը գործարքի պաշտոնական հայտ չի ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment