Կանադան հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ սեպտեմբերի 8-ից պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Կանադայի իշխանությունները սեպտեմբերի 8-ից ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ կսահմանեն 15%, 25% և 50% մաքսատուրքեր: Այս մասին ասվում է Կանադայի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ պատասխան մաքսատուրքերի տակ են հայտնվել գրեթե 20 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքներ։ Միջոցները վերաբերում են ավտոմեքենաներին և մոտոցիկլետներին, կենցաղային տեխնիկային, գյուղատնտեսական սարքավորումներին, էլեկտրասարքերին, թղթին և ստվարաթղթին։ Միաժամանակ պողպատի, ալյումինի և դրանցից պատրաստված արտադրանքի նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից բարձրացվել են մինչև 50%։

Կանադան նաև հայտարարել է 5.4 մլրդ դոլարի աջակցման փաթեթի մասին՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերից տուժած աշխատողների և առևտրային կազմակերպությունների համար։ Աջակցությունը ներառում է գործազրկության նպաստ ստանալու ընթացակարգի պարզեցում, ինչպես նաև վարկային ծրագրեր ձեռնարկությունների համար։

Հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որը նախատեսում էր Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրք սահմանել։ Հետագայում Թրամփը հետաձգել էր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը՝ Կանադայի հետ առևտրային համաձայնագիր կնքելու նպատակով, սակայն կողմերին այդպես էլ չէր հաջողվել հասնել նոր առևտրային պայմանավորվածությունների։

Շաբաթ օրը ուժի մեջ են մտել կանադական 20 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած 50% մաքսատուրքերը։ Երկուշաբթի Թրամփը հայտարարել էր, որ 2027 թվականի հունվարի 1-ից Կանադայում արտադրված ավտոմեքենաների, բեռնատարների, ավտոպահեստամասերի և պողպատի նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերը կկազմեն 50%։

Իր հերթին Կանադայի վարչապետ Մարկ Քարնին խոստացել էր, որ Օտտավան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ի գործողություններին։

Leave a comment