Գագիկ Շիրմազանն այս աշխատությամբ լույս է սփռել Սարդարապատի նահատակ-հերոս Վարդան Ջաղինյանի կերպարի ու գործունեության վրա

Aravot.am-ի ընթերցողին ծանոթ, ծնունդով Ստեփանավանից գրող, թարգմանիչ, երգահան, երկրագետ, կինոդերասան, ՌԴ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գնդապետ, Հայ-Ռուսական Միջազգային «Հայրենիքի պաշտպան» Ռազմական Ակադեմիայի փոխնախագահ, 2-րդ դասի խորհրդական, գեներալ-լեյտենանտ, Ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, «Հայաստան-Չինաստան» բարեկամության ընկերության փոխնախագահ, «Մաշտոց» ամսագրի գեղարվեստական խմբագիր, գրական մրցանակների դափնեկիր  Գագիկ Շիրմազանը (Գագիկ Ավետիքի Շիրմազանյան) հեղինակ է պատմվածքների և բանաստեղծությունների, թարգմանել է հայ գրողների ստեղծագործությունները ռուսերեն և ռուս հեղինակներինը՝ հայերեն, որոնք բարձր են գնահատվել հայ անվանի գրողներ Սիլվա Կապուտիկյանի, Հրանտ Մաթևոսյանի, Հրաչյա Սարուխանի և այլոց կողմից:

 

Ներկայումս նա աշխատում է Ստեփանավան համայնքի ղեկավարի խորհրդական՝ պատմամշակութային հարցերի գծով: Ինչպես տեղեկացրել էինք, նշված կարգավիճակում 2025թ., 31 տարի անց Ստեփանավանի մշակույթի պալատին կից ստեղծել է պրոֆեսիոնալ և սկսնակ դերասաններից կազմված թատերախումբ, որով ըստ էության՝ քաղաքային թատրոնի հիմքն է դրվել:

Գագիկ Շարմազանի երկրագիտական ուսումնասիրությունների արդյունքում, ֆրանսիական հայտնի «Le Caucase illustré» ամսագրի խմբագիր, կովկասյան էկզոտիկայի հետազոտող և հանրամատչելիացնող Ժյուլ Մուրյեն, որը Կովկասում բնակվել է շուրջ 25 տարի և աշխատել անմիջականորեն Մեծն իշխան Գեորգի Միխաիլի Ռոմանովի հետ, վերջինիս փոխանցել է 1885-1886 թվականներին Ստեփանավանում կատարած հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված առարկաները, որոնց մի մասը բազմաթիվ հարցումների շնորհիվ հնարավոր է եղել գտնել Էրմիտաժի հավաքածուներում: Գիտական հոդվածներ է հրապարակել Ստեփանավանի դպրոցաշինության, մանկատների պատմության և այլ երկրագիտական թեմաներով:

Շիրմազան գրողը ընթերցողին դեռևս 1996 թ.-ից ծանոթ է իր «Մտորումներ», «Գրական վերնատուն», «Նա էլ է մեր գյուղացի», «Ոսկան Երևանցի» , «Տատասկոտ ճանապարհով», «Վան Արյան», «Կյանքի ծիածան», «Գեներալ Անդրանիկը Ստեփանավանում», «Իմաստիկներ», «Защищая небо нежными руками», «Рыба-птица» (թարգմանություն հայերենից), «Մեկը նրանցից, ովքեր կերտել են Հաղթանակը» և այլ գրքերով: Օրերս էլ մեզ հայտնի դարձավ, որ հրատարակման է պատրաստ նրա հերթական աշխատությունը նվիրված՝ Սարդարապատի ճակատամարտի հերոս Վարդան Ջաղինյանին:

Մեզ հետ զրույցում գրողն ասաց. «Առաջին աշխարհամարտի ժամանակահատվածին վերաբերող պատմական աղբյուրները ուսումնասիրելու ընթացքում հայտնաբերեցի աշխարհամարտի և հատկապես Սարդարապատի ճակատամարտի հերոս ստեփանավանցի մասնակից շտաբս-կապիտան Վարդան Ջաղինյանի անունը, որն ինձ այնքան հետաքրքրեց, որ սկսեցի խորապես հետազոտել բոլոր հնարավոր արխիվային նյութերը: Այդ նպատակով տվյալներ ձեռք բերեցի Հայաստանի պետական արխիվից, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, ռուսական, վրացական և այլ պատմական աղբյուրներից: Ամփոփված վիճակում նշված գիտական աշխատությունը ներկայացրեցի ՀՀ պատմության ինստիտուտ և Սարդարապատի թանգարան:

Ինձ հատկապես ոգևորեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի կարծիքը. «Այս աշխատանքը նոր խոսք է 1918 թ․ մայիսյան հերոսամարտի պատմության ուսումնասիրության մեջ և կարևոր նշանակություն կունենա սերունդներին հայրենասիրական շնչով դաստիարակելու գործում։ Գրող, հրապարակախոս, զինվորական, նշանավոր Շիրմազանյանների տոհմի շառավիղ Գագիկ Շիրմազանն այս աշխատությամբ լույս է սփռում ներկայիս Ստեփանավանի ծնունդ, Առաջին աշխարհամարտի մասնակից, Սարդարապատի նահատակ-հերոս Վարդան Ջաղինյանի պայծառ կերպարի ու գործունեության վրա»,- ասաց մեր զրուցակիցը:

Հավելեց նաև, որ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի նախաձեռնությամբ նախատեսվում է սեպտեմբերին ՀՀ պատմության ինստիտուտի և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի հետ համատեղ Ստեփանավանում անցկացնել գիտաժողով, նվիրված Վարդան Ջաղինյանին:

Հարցին, թե հերոսի մասին գիրքն արդեն հրատարակված ե՞րբ պատրաստ կլինի, Գագիկ Շիրմազանը հակիրճ, բայց մտատանջող պատասխան տվեց. «Ներկայումս ուսումնասիրվում են աշխատությունը գրքի ձևաչափով մինչև գիտաժողովի մեկնարկը հրատարակելու հնարավորությունները»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment