«Եվրոպական Հայաստանի ճանապարհը պահանջելու է հետևողականություն, քաղաքական կամք և հասարակական լայն համախմբում»

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու վերաբերյալ կայացված որոշումը։

Մենք սա գնահատում ենք որպես Հայաստանի նորագույն պատմության ռազմավարական նշանակության քայլ՝ ուղղված մեր պետության անվտանգության ամրապնդմանը, ժողովրդավարության խորացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, անկախ ու արդար դատական համակարգի կայացմանը, տնտեսական զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցությանը և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու հարատևության ապահովմանը։

Եվրոպական միությանն անդամակցությունը մեզ համար երբեք չի եղել պարզապես արտաքին քաղաքական կողմնորոշման հարց։ Այն առաջին հերթին պետության որակի, քաղաքացու արժանապատվության, իրավունքի գերակայության և Հայաստանի զարգացման ու անվտանգության երկարաժամկետ ընտրություն է։

Այս որոշմամբ Հայաստանը մտնում է պատասխանատվության նոր փուլ։ Կոպենհագենյան չափանիշների լիարժեք կատարումը պետք է դառնա Հայաստանի հաջորդ համազգային նպատակակետը՝ պահանջելով խորքային ժողովրդավարական, իրավական, տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը, որը հետևողականորեն պաշտպանել է Հայաստանի եվրոպական ապագայի և եվրոպական քաղաքական ու քաղաքակրթական տարածքին լիարժեք ինտեգրման օրակարգը, հայտարարում է իր պատրաստակամությունը՝ իր ամբողջ քաղաքական, փորձագիտական և հանրային ներուժը ծառայեցնելու այս պատմական գործընթացի հաջողությանը։

Եվրոպական Հայաստանի ճանապարհը պահանջելու է հետևողականություն, քաղաքական կամք և հասարակական լայն համախմբում։ Մենք պատրաստ ենք մեր բաժին պատասխանատվությունը ստանձնել այդ ճանապարհին։

Հայաստանի տեղը ազատ, ժողովրդավարական, անվտանգ և բարեկեցիկ եվրոպական պետությունների ընտանիքում է։

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

Leave a comment