Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին

Քաղաքականություն

25.08.2026 | 23:06

Քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է կառույցի՝ որպես առանձին ռազմական ուժի գործունեությունը դադարեցնելու և սիրիական բանակին ինտեգրվելու մասին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը։

Հայտարարությունը Աբդին արել է Դամասկոսում՝ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք Սիրիայի պատմության մեջ բացում ենք խաղաղության, կայունության և վերականգնման նոր էջ և լիարժեք պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ SDF-ը դադարում է գոյություն ունենալ որպես ինքնուրույն ռազմական ուժ»,- ասել է քուրդ առաջնորդը։

Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գործող քրդական ինքնավար վարչակազմը ևս կդառնա պետական կառավարման համակարգի մաս։

SDF-ը հիմնականում կազմված է քրդական «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» (YPG) ուժերից և տարիներ շարունակ առանցքային դեր է ունեցել «Իսլամական պետության» դեմ պայքարում՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։

Leave a comment