«Այստեղ հարց է առաջանում՝ ԵՄ-ն ցանկանում է պարզապես արևմտամետ բռնապետությո՞ւն հաստատվի ՀՀ-ում, թե ժողովրդավարություն»․ Քենեթ Ռոթ

«Մինչև ընտրությունները մեր կազմակերպությունը զգուշացնում էր, որ Փաշինյանն ու իր կուսակիցներն ունեն բռնատիրական հակումներ, որոնք դրսևորվել էին քարոզարշավի ընթացքում։ Փաշինյանը չարաշահել է որոշ օրենքներ և կառավարության հայեցողականությունը ընդդիմադիր թեկնածուներին, քննադատող ձայներին, անկախ լրագրողներին և հայ առաքելական եկեղեցուն ճնշելու համար»,- «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց IODA գործադիր խորհրդի անդամ, նախկինում Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը:

Քենեթ Ռոթ

Ըստ նրա՝ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը շատ խելացի էր վարվում․ «Նա ճնշումների մեծ մասը ներկայացնում էր որպես ռուսական ազդեցությունից խուսափելու ձև։ Չենք հերքում այն հանգամանքը, որ ռուսական կառավարությունը փորձել էր ազդեցություն ունենալ ՀՀ-ում ընտրությունների վրա, բայց նաև պետք է նշել, որ այդպես էին անում նաև եվրոպական կառավարությունները և ամերիկյան շրջանակները։ Փաշինյանը հաջողությամբ համոզեց արևմտյան կառավարություններին անտեսել իր՝ ընտրական ընթացքը փոխելու ջանքերը։ Մենք զգուշացրել էինք, որ այդ գործողությունները չէին վերաբերվում միայն ընտրությունների ընթացքին, այլ այս կառավարության բնույթին։ Զգուշացրել էինք, որ եթե Փաշինյանի կառավարությունն անպատիժ մնա, ավելի մեծ է հավանականությունը, որ նա կշարունակի այսպես բռնապետական ձևով առաջ գնալ»։

Ըստ Քենեթ Ռոթի՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս կիրառել է իրավապահների, ոստիկանական միջոցները հատկապես իր հակառակորդներին լռեցնելու համար, դրանք ոչ այնքան նպատակաուղղված են օրենքի պահպանմանը, այլ նրա վրեժխնդրությանը․ «Գործադիրը թելադրում է, և արդարադատության համակարգն իրականացնում։ Օրինակ՝ լուր ստացանք, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին ձերբակալվել են, նախագահ Սարգսյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս ամենը կարծես վարչապետի՝ երեկվա հրահանգով և նրա ջանքերով է։ Կառավարությունը փորձում է նաև ճնշում գործադրել հայ առաքելական եկեղեցուն նկատմամբ, մինչդեռ կառավարությունը դրա իրավունքը չունի խառնվելու եկեղեցու ներքին կանոնակարգին։ Ուզում ենք զարթոնքի կոչ անել արևմտյան կառավարություններին՝ հատկապես ԵՄ-ին, քանի որ ժամանակին բավարար քայլեր չձեռնարկեցին, գոնե հիմա իրականացնեն։ Այստեղ հարց է առաջանում՝ ԵՄ-ն ցանկանում է պարզապես արևմտամետ բռնապետությո՞ւն հաստատվի ՀՀ-ում, թե ժողովրդավարություն։ Դա ոչ միայն ՀՀ-ի վրա, այլև ավելի լայն ԵՄ արտաքին քաղաքականության վրա է տարածվում։ ՀՀ-ն այն թեստն է, որը պետք է ցույց տա Եվրամիության հանձնառությունը ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ։ Հույս ունենք, որ Բրյուսելը կկարողանա սկզբունքային արձագանք տալ»։

Խոսե Արանաս

IODA գործադիր խորհրդի անդամ Խոսե Արանասն ասաց, որ այն խնդիրները, որոնք իրենց կազմակերպությունը գրանցել է, դրանք զուտ միջադեպեր չեն, այլ միտումներ․ «Օրինակ՝ այդպիսի միտում է ճնշումները ժողովրդավարական հաստատությունների վրա, ինչպես նաև սահմանադրական արժեքների նվազեցմանը, կրոնի ազատության սկզբունքներին ու հոգևոր անվտանգության հայեցակարգի թուլացմանն ուղղված միտումները։

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմադիր ուժերի դերակատարությունը Փաշինյանի կառավարության գործողությունները կանխելու ուղղությամբ, որոնք ըստ բանախոսների՝ երկիրը տանում են դեպի բռնապետություն, Քենեթ Ռոթը պատասխանեց․ «Առաջին հերթին այս պահին ընդդիմադիր ձայները հենց տուժողներն են, որովհետև իրենց է թիրախավորում Փաշինյանի կառավարությունը, հետևաբար չպետք է մեղադրենք տուժողներին։ Այս պահի դրությամբ ընդդիմությունը վստահաբար պետք է կոչ անի միջազգային հանրությանը, հայցի աջակցություն պաշտպանելու ու պահպանելու ՀՀ ժողովրդավարությունը։ Ընդդիմությունն ունի բոլոր հնարավորությունները բարձրացնելու այդ ձայները։ Այս կառավարությունն ուզում է կառավարել առանց քննադատության, և խնդիրն այն է, որ այս կառավարությունը չի ուզում առաջնորդվել ժողովրդավարական սկզբունքներով»։

Անդրադառնալով այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, Քենեթ Ռոթն ասաց․ «ԵՄ-ն հսկայական գործիքակազմ ունի իր ձեռքին, այն չպետք է մտածի, որ եթե ինչ-որ բան ասի ՀՀ-ի դեմ, դա կմղի ՀՀ-ին դեպի Ռուսաստանի ճամբար։ ԵՄ-ն պետք է հասկանա, որ իր քաղաքականությունը, որն այս պահին անտեսում է խնդիրները, էլ ավելի է խորացնելու բոլոր մտահոգություններն ու խնդիրները։ Տպավորություն է, որ Փաշինյանն ուզում է երևանյան սկզբունքները կամ չափանիշները առաջ քաշել կոպենհագենյան սկզբունքների փոխարեն և ժողովրդավարությունը փոխարինել բռնապետությամբ»։

Խոսելով վերջին օրերի ձերբակալությունների մասին՝ նա ասաց․ «Մենք չենք կարող խոսել գործի էության մասին, բայց այս օրերին նկատել ենք՝ մարդիկ ձերբակալվում են կամ ակտիվները առգրավվում են իշխանությունների կողմից Փաշինյանի հայտարարություններից անմիջապես հետո։ Դատաիրավական որևէ փաստ չկա, որևէ վարույթ չկա։ Այս իմաստով այս բոլոր գործողություններն անօրինական են։ Չկան դատական վարույթներ մարդկանց ձերբակալելու կամ նրանց ակտիվները բռնագրավելու համար։ Սովորական նորմալ ժողովրդավարական երկրում, որը հիմնված է իրավունքի գերակայության վրա, չկա հնարավորություն մարդկանց ակտիվներն առգրավելու, նրանց ունեզրկելու համար՝ առանց պաշտոնական մեղադրական եզրակացության»։

Aravot.am-ի մյուս հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ օրեցօր ավելի առճակատող հռետորաբանությունը Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ, արդյոք դա նպատակ ունի՞ թուլացնելու ՀՀ ամենաազդեցիկ կառույցներից մեկը՝ եկեղեցին, Քենեթ Ռոթն այսպես պատասխանեց․ «Եկեղեցին ամբողջ աշխարհում հասարակության անկախ ձայնն է, որը պետք է հարգվի։ Ժողովրդավարությունն այն մասին չէ, որ եկեղեցին միայն պիտի հոգևոր հարցերին անդրադառնա, քաղաքականությանը՝ ոչ։ Եկեղեցին կարևոր քաղաքական և նաև բարոյական ձայն է։ Կառավարությունը փորձում է սահմանափակել՝ դատելով եկեղեցուն, թույլ չտալով խոսել կառավարության քաղաքական մասին, որը հակաժողովրդավարական է։ Կառավարության այս քայլը հակասում է կրոնական կազմակերպությունների դերակատարման իրավունքին ժողովրդավարական հասարակությունում։ Եկեղեցին էլ ունի խոսքի ազատության իրավունք, նաև սփյուռքն ունի խոսքի ազատության իրավունք, խոսքի ազատությունը չի սահմանափակվում ազգային սահմաններով։ Սրանք ընդհանուր սկզբունքներ են, որոնք ամրագրված են ՀՀ սահմանադրությամբ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment