Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Մաշկաբանության ծառայության ղեկավար, բժիշկ Էդուարդ Ավագյանի հետ Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք ակնեի առաջացման պատճառների, խնդրի հետ կապված «միֆերի» ու բուժման հնարավորությունների մասին։
-Ակնեն, որը միշտ հայտնվում է անժամանակ, թվում է, թե հասարակ մի բան է, սակայն կարող է լրջագույն անհարմարություններ պատճառել մարդուն․ ի՞նչ խնդիր է այն, և որո՞նք են դրա առաջացման պատճառները։
-Ակնեն (կորյակային հիվանդություն) մաշկի մազաճարպային համակարգի հիվանդություն է, ու որպես և ցանկացած հիվանդություն, այդպես էլ ակնեն ունի բուժման իր մոտեցումները, այսինքն՝ ակնե ունեցող մարդուն մենք պետք է նայենք որպես հիվանդի։ Այլ բան է, որ որոշ մարդկանց մոտ ակնեն կարող է դրսևորվել թեթև աստիճանով՝ մեկ-երկու էլեմենտով, բայց կլինեն նաև շատ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնց դեմքի վրա կամ առհասարակ մաշկին շատ քիչ անվնաս հատվածներ կան։ Ակնեի բոլոր դեպքերում էլ՝ կլինի թեթև, միջին ծանրության, թե ծանր, մենք մարդուն պետք է վերաբերվենք որպես հիվանդի ու այդ տրամաբանությամբ իր հետ աշխատենք՝ ուսումնասիրելով հիվանդության զարգացման մեխանիզմները, հնարավորության չափով կոնկրետ պացիենտի համար գտնելով կոնկրետ պատճառները։
Ինչո՞ւ եմ ասում հնարավորության չափով, որովհետև միշտ չէ, որ ակնեի զարգացման դեպքում պատճառները հայտնաբերելի են լինում։ Ընդհակառակը, շատ քիչ դեպքերում են պատճառները հայտնաբերելի լինում։ Իսկ որո՞նք են հիմնական պատճառները․ դրանք կարող են լինել հորմոնային խնդիրները։ Ահա թե ինչու է ակնեն շատ հաճախ հասունացման տարիքում զարգանում։ Ինչպես պարզվել է, ակնեի զարգացման գործում մեծ դեր է խաղում ճարպագեղձերի աշխատանքը․ ճարպագեղձերը շատ են աշխատում՝ մեծ քանակությամբ ճարպ արտադրելով, իսկ ճարպն էլ վատ կառուցվածք ունի, նորմալ դուրս չի գալիս, կուտակվում է մաշկի մեջ, բորբոքվում ու զարգանում է «պզուկներ» կոչվածը։
Պարզվել է նաև, որ արական սեռական հորմոններն (անդրոգեններ) ազդում են ճարպագեղձերի աշխատանքի վրա՝ խթանելով դրանք։ Հասունացման տարիքում թե ՛ տղաների, թե ՛ աղջիկների մոտ բոլոր հորմոնները, այդ թվում նաև արական հորմոնները բարձր են լինում, ու այդ տարիքում երկու սեռի մոտ էլ հաճախ ակնե է առաջանում։ Բայց մեծ մասի՝ մոտ յոթանասուն տոկոսի մոտ հասունացման փուլի ավարտից հետո, երբ հորմոնների ազդեցությունը նվազում է, ակնեն հանգստանում կամ վերանում է։ Սակայն 30-40 տոկոսի մոտ այն կարող է պահպանվել նաև հասունացումից հետո։ Բայց լինում են դեպքեր, հատկապես աղջիկների կամ կանանց պարագայում, երբ հասունացումից հետո ակնեն անցնում է, բայց 10 տարի հետո նորից սկսվում։
Այդ ժամանակ մենք պետք է պարզենք, թե ինչու են տվյալ կնոջ մոտ արական սեռական հորմոնները կտրուկ բարձրացել՝ հետազոտելով պատճառները։
-Սովորաբար ի՞նչ հետազոտություններ են արվում։
–Միակ անհրաժեշտ հետազոտությունները հորմոնալ անալիզներն են, մյուս հետազոտությունները գումարի ու ժամանակի անիմաստ վատնում են։ Հիմա մյուս հարցն է առաջ գալիս՝ լավ, ստուգեցինք, հո բոլորի մոտ հորմոնները խախտված չեն լինո՞ւմ։ Երբ խախտված են լինում, մեզ օգնում է էնդոկրինոլոգը, գինեկոլոգը՝ համապատասխան բուժումներ նշանակելով։ Բայց մեծամասամբ խախտումներ չեն լինում հորմոնալ անալիզների մեջ, և այդ դեպքում ո՞րն է ակնեի զարգացման պատճառը։ Էստեղ մի ուրիշ բան էլ կա՝ գենետիկ նախատրամադրվածությունը․ լինում են դեպքեր, երբ հորմոնները նորմայի սահմանում են, չեն բարձրանում, բայց ճարպագեղձերի զգայունությունը այդ նորմալ քանակի նկատմամբ բարձրանում է, այսինքն այդ նորմալ քանակով հորմոնն ավելի ուժեղ է ազդում ճարպագեղձերի վրա տվյալ մարդու մոտ, ու պատճառն էլ ժառանգական է։ Այ դրա համար ակնեն իր մոտ միշտ բուժումից հետո անգամ կրկնվում է։
Այս դեպքերում կարևոր է մարդուն բացատրել, որ քո ակնեն միշտ լինելու է, ու դրան հետևել պետք է մշտապես։
-Դուք որպես միակ անհրաժեշտ հետազոտություններ նշեցիք հորմոնալ անալիզները, սակայն ես հիշում եմ, որ նախկինում կար էսպիսի տեսակետ, որ, կոպիտ ասած, դեմքը բուժելու համար նախ պետք է հասկանաս, թե ինչ խնդիրներ կան աղեստամոքսային համակարգում։
-Շատ են լինում դեպքեր, երբ ակնեով հիվանդները, նրանց ծնողները պնդում են, որ աղիները ստուգենք, սակայն հազարավոր հետազոտություններ են իրականացվել, որպեսզի պարզեն՝ կա՞պ ունի աղեստամոքսային համակարգը ակնեի զարգացման հետ, թե՞ ոչ։ Կապ չունի ո՛չ զարգացման հետ, ո՛չ էլ ընթացքի, միակ կապը աղիների հետ կարող է այն լինել, որ միջին ծանրության կամ ծանր աստիճանի ակնեի դեպքում պացիենտը դեղորայք պետք է խմի, և վատ աղեստամոքսային համակարգի ֆոնին էդ դեղորայքի ազդեցությունն ավելի թույլ կլինի։ Դրա համար էլ շատ հաճախ դեղորայք նշանակելիս ես իմ պացիենտին հարցնում եմ՝ ստամոքս-աղիքային համակարգի վիճակը ո՞նց է․ կարող է հիվանդին թվալ, թե ակնեի պատճառը պարզելու համար եմ հարցնում, բայց հարցնում եմ դեղորայքի ազդեցության որակը հասկանալու համար։ Եվ եթե կան խնդիրներ աղեստամոքսային համակարգում, դրանք պետք է բուժվեն, նոր կատարվի նշանակումը, որպեսզի դեղորայքն ազդի ակնեի դեմ պայքարում:
-Իսկ ուրիշ ի՞նչ թյուրըմբռնումներ կան այս հիվանդության հետ կապված։
-Օրինակ՝ երբեմն լսում ենք՝ ամուսնացնենք՝ կանցնի կամ ժողովրդական տարբեր միջոցներ են կիրառում, սակայն՝ ապարդյուն։ Ամուսնությունն ակնե չի բուժում, ընդհակառակը, ամուսնանալուց հետո ակնեն երբեմն ավելի է ագրեսիվանում, որի պատճառը հոգեբանական խնդիրներն են, քանի որ ակնեի զարգացման գործում սթրեսը մեծ դեր է խաղում, ինչպես և ցանկացած բորբոքային պրոցեսի ժամանակ, իսկ ամուսնությունը մեծ մասի մոտ սթրես է առաջացնում, և այդ ժամանակ ակնեն սրվում է։
–Ե՞րբ դիմել բժշկին՝ խնդիրը չխորացնելու համար։
-Բժշկի դիմում են այն ժամանակվանից, երբ արդեն կան ակնեիֆորմ էլեմենտներ․ որո՞նք են դրանք՝ սկսած կոմեդոններից՝ սպիտակ, սև կետերից մինչև ամենամեծ, գնդաձև կոնգլոբատ էլեմենտներ, և հատկապես այդ ժամանակ պետք է դիմել բժշկի։ Իսկ ինչո՞ւ է պետք ամենասկզբից դիմել․ երբ մենք դիմում ենք ակնեի առաջին փուլում, երբ դեռևս կոմեդոններ են, շատ դեպքերում այդ ժամանակ մենք սահմանափակվում ենք կամ թույլ դեղորայքով՝ տեղային, քսելու, կամ նույնիսկ դեղորայքի կարիք չի լինում՝ թեթև խնամքի միջոցներով կամ կոսմետոլոգիական պրոցեդուրաներով դրանք անցնում են։ Բայց երբ արդեն զարգանում են բորբոքային էլեմենտներ՝ կարմիր, բորբոքված պզուկներ, էստեղ արդեն առանց դեղորայքի հարցը լուծելը բարդանում է։
-Անդրադառնանք ամենակարևոր հարցին՝ ակնեի բուժմանը․ ինչպե՞ս է այն իրականացվում, և կարո՞ղ են, օրինակ, դեղատներում այսօր լայնորեն ներկայացված խնամքի միջոցները խնդիրն ինքնուրույն լուծելու տարբերակ լինել։
-Գնալ դեղատուն՝ խնամքի միջոց ընտրել ակնեի բուժման համար, ճիշտ չէ․ դա բժիշկը պետք է անի, քանի որ խիստ անհատական մոտեցում է պահանջում ակնեով հիվանդի խնամքը։ Բժիշկ-հիվանդ շփման ժամանակ բժիշկը շատ երկար ժամանակ է ծախսում յուրաքանչյուր պացիենտի մաշկի տեսակը, յուղոտվածության աստիճանը, ակնեի դրսևորման ձևը՝ կոմեդոնալ, բորբոքային էլեմենտների տարածվածությունը գնահատելու համար, նույնիսկ պացիենտի հակվածությունը բուժման կամ խնամքի հանդեպ պետք է գնահատվի, նոր կոնկրետ միջոցն առաջարկվի։
Սովորաբար նշանակվում է դեղորայքային բուժում՝ առնվազն երկու շաբաթ, հասանք արդյունքի՝ դրանից հետո արդեն խնամքի միջոցներով ենք շարունակում, իսկ ընթացիկ պահպանողական բուժում կատարվում է միշտ։ Բուժման նպատակով հիմնականում կիրառվում են ռետինոլ, ռետինոիդներ, բենզոիլ պերօքսիդ պարունակող տեղային միջոցներ, որոնք կամ ճարպարտադրության նվազեցման, կամ հակաբորբոքային ազդեցություն են թողնում։ Ներառվում են նաև չորացնող լվացվելու միջոցներ, որոնք սովորաբար սալիցիլաթթու են պարունակում, բայց քանի որ չորացումն էլ կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենալ մաշկի համար, կապը պահում ենք հիվանդի հետ՝ վիճակը հսկելու համար։ Ըստ անհրաժեշտության նշանակվում են նաև հակաբիոտիկներ, հակաբորբոքային դեղամիջոցներ, ռետինոիդներ՝ համակարգային ընդունման համար։
-Իսկ ի՞նչ անել, եթե ակնեից հետո հետքեր են մնացել մաշկին։
-Հետքերը հիմնականում կոսմետոլոգիական միջամտություններ են ենթադրում։ Ինչո՞ւ ենք կարևորում, որ պետք է հենց սկզբից սկսել ակնեի բուժումը, որպեսզի կանխենք այդ պոստակնե կոչվածը, հետքեր հանկարծ չզարգանան, որովհետև շատ դժվար է լուծել էդ հետքերի, փոսիկների, պիգմենտացիաների հարցը։ Նաև ֆինանսական առումով է դա բարդ, քանի որ միջամտությունները՝ գործիքային, թե լազերային, բավականին թանկարժեք են, և նույնիսկ դրանց կիրառությունը երբեք չի ապահովում 100 տոկոսանոց արդյունք։ Այսինքն՝ եթե այդ փոսիկը զարգանա, և հետագայում մենք կարողանանք գոնե 70 տոկոսով այն լցնել, դա արդեն հրաշալի արդյունք է։
-Սնունդը և ակնեն․ կա՞ն արդյոք սահմանափակումներ։
-Մի քանի սննդամթերքներ կան, որոնք նպաստում են ակնեին, այդ թվում՝ շաքարը, քանի որ այն պրոբորբոքային սննդամթերք է․ քաղցր կերանք՝ օրգանիզմում սրվում են բորբոքային պրոցեսները։ Ինչ վերաբերվում է կաթին, պարզվել է, որ կաթի մեջ կան նյութեր, որոնք անուղղակիորեն կարող են խթանել արական սեռական հորմոնների արտադրությունը։ Դրա համար բոդիբիլդերներն, օրինակ, շատ են կաթ օգտագործում՝ մկան սինթեզելու համար։ Տեստոստերոնն ու նրա արգասիքները՝ որպես արական սեռական հորմոններ, անհրաժեշտ են մկաններ սինթեզելու համար, բայց և ազդում են ճարպագեղձերի վրա։ Կաթն անուղղակիորեն բերում է արական սեռական հորմոնների ազդեցության ուժեղացման, էդ տրամաբանությամբ՝ ակնեի սրման։ Ակնեի սրմանը նպաստում են նաև կծու կերակուրները, ալկոհոլը։
-Եվ վերջին հարցը՝ որո՞նք են ամենամեծ սխալներ, որոնք մենք թույլ ենք տալիս ակնեի դեպքում։
–Ամենամեծ սխալը սեղմելն է։ Դա հանգեցնում է տարածման ու սպիի գոյացման։
Երկրորդ սխալը, երբ ակնեի բուժման համար մաշկաբանից բացի դիմում են տարբեր մասնագետների՝ սկսած գաստրոէնտերոլոգից վերջացրած հեքիմով։ Ակնեն մաշկային հիվանդություն է, և դրանով զբաղվում են մաշկաբանները։
Մյուս սխալը, երբ փորձում են աղիները բուժել՝ խնդիրը կապելով միայն աղիների հետ։
Երբ կեղծ հույս են փայփայում, որ որևէ միջոցով ակնեն վերջնական կբուժվի․ ակնեն քրոնիկ է, և ուրիշ բան է, որ կարելի է երկարատև ռեմիսիա ապահովել․ պացիենտներ կան, որ տարիներով չեն ցանավորվում, բայց կան նաև պացիենտներ, որոնց մոտ դեղորայքային բուժումից մեկ ամիս անց ակնեն կրկին դրսևորվում է։
Եվ, իհարկե, մեծ սխալ է ինքնաբուժմամբ զբաղվելը։
Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: