Ինչո՞ւ Հասմիկ Հակոբյանը ծափահարեց Փաշինյանին «կզացնելու» հայտարարության համար

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի համոզմամբ՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու ձերբակալությունը, նրանց պատկանող ընկերություններում ու տներում իրականացված խուզարկությունները քաղաքական պատվեր կլինեին, եթե գործեր կարվեին։

«Հեկտարներով հողամասեր, շենքեր Երևանի կենտրոնում․ այդ ամեն ինչը բացահայտվել է 13 ժամվա՞ ընթացքում, վարչապետի հայտնի ելույթից հետո՞։ Մտածում եք՝ գո՞րծ է կարվել մարդկանց վրա։ Տևական ժամանակի աշխատանք էր, իսկ ինչո՞ւ վարչապետը խոսեց, ու նոր միայն այդ գործը տեմպ ստացավ։ Վարչապետն էլ ամբիոնից այդ հարցը տալիս էր՝ ինչո՞ւ է դանդաղում գործընթացը… Որ Ռոբերտ Քոչարյանը քաղհալածյալ է, սա էլ քաղաքական պատվեր է, ինձ թվում՝ ձեր ծիծաղն էլ կգա»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հասմիկ Հակոբյանը։

Նա շարունակեց հավատացնել, որ տեղի ունեցող գործընթացները ժողովրդին տրված խոստում են, որի մանդատը Նիկոլ Փաշինյանը ստացել է։

Հարցին, թե ապօրինի գույքի վերադարձը ժողովրդին ինչ է տալու, ի պատասխան պատգամավորը ասաց, որ քաղաքացին դա կտեսնի ասֆալտի, լուսավորության, բարձրացված թոշակի տեսքով։ Իսկ պարգևավճարի տեսքով նույնպե՞ս կտեսնի հարցին պատգամավորը չպատասխանեց։

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ «կզզացնելու» տեսարաննե՞ր եք ուզում տեսնել, ինչո՞ւ ծափահարեցիք վարչապետին, երբ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կզզացնելու է։ Ի պատասխան՝ ասաց․ «Հարցը բառին չի վերաբերում, երևույթին է վերաբերում, որ այն մարդիկ, որոնք տասնամյակներով գողացել են տարբեր շինություններ, այդ մարդիկ քաղաքական առումով պետք է պատասխան տան»։

Իսկ այդ բառը բարեվարքության նորմերին համապատասխանո՞ւմ է՝ հարցին Հակոբյանը պատասխանեց․ «Մենք ունենք համապատասխան մարմիններ, եթե գտնեն, որ բարեվարքության կանոններին չի համապատասխանում, կարող են նախաձեռնել գործողություններ։ Վարչապետը մեր կառույցներին վստահում ու հարգում է նրանց որոշումները»։

Լրագրողը հետաքրքրվեց՝ իսկ տեղյա՞կ եք, որ Խաչատուր Սուքիասյանը Արամի 3 հասցեում պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքն էլ ձեռք է բերել 5655 դոլարով, ինչպե՞ս է ստացվում, իր դեպքում կարող էր կոպեկներով շենքը ձեռք բերել, Քոչարյանի դեպքում հնարավոր չէր 83 հա հողատարածքը ձեռք բերել 100.000 դոլարով։ Հակոբյանն ասաց՝ կարող են հանցագործության մասին հաղորդում տալ, իրավապահները զբաղվեն, ինքը մանրամասներին ծանոթ չէ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment