ՀՀ կառավարության հնգամյա նոր ծրագիրը բաժանարար գիծ է. Նարեկ Կարապետյան

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով` եթե մենք դադարեցնենք դիմադրությունը, մենք արժանանալու ենք Գրիգոր Զոհրապի ճակատագրին։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարության հնգամյա նոր ծրագիրը բաժանարար գիծ է։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Նախորդ 8 տարվա համեմատ այն մեկ տարբերություն ունի` այս կառավարությունը, վարելով վատ արտաքին քաղաքականություն, բերել է 3 պատերազմ։ Կառավարության այս նոր ծրագիրը ես այլ կերպ եմ տեսնում` եթե նախորդ պատերազմները թշնամիների հետ էին, ապա այս կառավարությունը պառակտումների մասին է»,– հայտարարեց նա։

Կարապետյանի խոսքով` երեք պառակտում է սերմանել այս կառավարությունը` Հայաստան–սփյուռք, վեհափառ–հավատացյալներ, ներկա–անցյալ` ՀՀ Անկախության հռչակագիր։

«Հարևան երկրի ղեկավարի ցուցումով պետք է փոխվի մեր երկրի ստեղծման փաստաղթուղթը` ՀՀ Անկախության հռչակագիրը։ Սա անարգանք է մեր հանդեպ. անընդունելի է Անկախության հռչակագրի տեքստի ամբողջական փոխումը»,– ընդգծեց Կարապետյանը։

Այնուհետև, նա ցույց տալով հայ նշանավոր գրող Գրիգոր Զոհրապի լուսանկարը` հիշեցրեց, որ նա ժամանակին անընդհատ խոսում էր հայերի և երիտթուրքերի բարեկամության և երկարատև խաղաղության մասին։

«Ի՞նչ եղավ այս մարդու հետ. խաղաղության օրակարգի մասին պարբերաբար խոսելով` թուլացրել էին մեր ինքնապաշտպանական բնազդը, և սկսեցին կալանավորել և անապատ տանել մեր մտավորականներին, ու արդյունքում հերթը հասավ նաև Զոհրապին։ Նա կալանավորվեց իր մտերիմ ընկեր Թալիաթի հետ թղթախաղ խաղալու հաջորդ օրը և Եդեսիայի ճանապարհին նրա գլուխը ջախջախեցին քարերով»,– հիշեցրեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Նրա խոսքով` եթե մենք դադարեցնենք դիմադրությունը, մենք արժանանալու ենք Զոհրապի ճակատագրին։

Օգոստոսի 20-ի նիստում հավանության է արժանացել կառավարության գործունեության 2026-31թթ–ի ծրագիրը, որը օգոստոսի 24-ին ու 25-ին ԱԺ–ում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment