Ո՛չ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին և ո՛չ էլ մեր քաղաքական թիմին հնարավոր չէ ընկճել կամ պարտադրել հաշտվել ստեղծված իրավիճակի հետ. հայտարարություն

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները լեգիտիմությունը կորցրած, սեփական իշխանությունը բացառապես ապօրինություններով պահող վարչախմբի հերթական ցինիկ դրսևորումներն են:

Սա իրավական գործընթաց չէ. սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը: Խորհրդարանական ամբիոնից հնչող սպառնալիքներին անմիջապես հաջորդող ուժային արշավները փաստում են մեկ բան՝ իշխող վարչախումբը, ընդունելով արտաքին բոլոր պարտադրանքները, որդեգրել է ընդդիմությանը մեկուսացնելու դիմադրության բոլոր հնարավոր օջախները ոչնչացնելու քաղաքականություն։

Սեփական ընտրազանգվածի համար էժանագին տեսարաններ բեմադրելով՝ գործող իշխանությունը փորձում է նաև խորացնել հասարակության մեջ առկա վախի մթնոլորտը:

«Հայաստան» դաշինքը հայտարարում է՝

● Շանտաժի, ապօրինի վարույթների և շինծու հետապնդումների լեզվով մեզ հետ խոսելն ապարդյուն է:

● Ո՛չ Նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին և ո՛չ էլ մեր քաղաքական թիմին հնարավոր չէ ընկճել կամ պարտադրել հաշտվել ստեղծված իրավիճակի հետ:

Մենք շարունակելու ենք մեր պայքարը և գործադրելու ենք բոլոր ջանքերը՝ Հայաստանին պարտադրվող նոր զիջումները դիմագրավելու համար։

Որևէ բռնապետություն հավերժ չէ, և ապօրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև:

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

Leave a comment