Կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ամենաառանցքային տարբերություններից, նորություններից մեկն այն է, որ մենք դուրս ենք եկել, դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 25-ի նիստին ասաց ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը:
«Սա առաջին Կառավարության ծրագիրն է խաղաղության պայմաններում, երբ ունենք խաղաղություն, և քննարկում ենք ՀՀ կառավարության ծրագիրը, և սա շատ կարևոր նորություն է, որ մենք, ըստ էության, այլևս գոյաբանական, էքզիստենցիալ ճգնաժամերի հրամայականով չենք ապրում, և մեր ժողովրդին հիմա մատուցում ենք զարգացման օրակարգ: Եվ այստեղ է, որ մենք կրկին բախվում ենք ընդդիմության գլխավոր կոմպլեքսներից մեկին, որովհետև մեր ընդդիմությունը միշտ պատկերացնում է իր ինքնության մեջ և մեր ժողորդին հրամցրած պատկերացումներով, որ ՀՀ-ն պետք է անընդհատ լինի գոյաբանական կռվի մեջ, որ մենք ի վերջո չպետք է հասնենք մեր նվիրական երազանքների պետությանը»,- ասաց նա:
Ըստ Կոնջորյանի՝ սահմանների ապաշրջափակումից առաջ նախ գաղափարապես են ապաշրջափակվել:
«Հնարավոր չէ սահմանները բացել՝ առանց միտքը բացելու, և մեր այս քննարկումները նաև այդ մասին են»,- ասաց նա:
Ըստ Կոնջորյանի՝ կատարելագործման, ադապտացիայի, սեփական սխալներին նայելու, ինքնահայեցման քաղաքականությունն է, որ գոյատևման, էքզիստենցիալ, ճգնաժամային օրակարգերից երկիրը հանել և դրել է զարգացման օրակարգերի վրա:
«Այո՛, մենք ապաշրջափակվելու ենք, բայց մենք սահմաններով ապաշրջափակվելու ենք, որովհետև նախ և առաջ գաղափարներով ենք ապաշրջափակվելու, և այդ ապաշրջափակման պրոբլեմատիկան ամենաշատը կախված է հիմա ընդդիմության գլխին, որովհետև շատ լավ հասկանում են, որ այդ պահից սկսած՝ ՀՀ-ն դուրս է գալու այն ռելսերից, որի վրա իրենք դրել են, և գնալու է զարգացման ռելսերով, ծաղկելու և տնտեսական բարգավաճման ռելսերով»,- ասաց Կոնջորյանը: