Այս տարվա 6 ամսում ՀՀ-ում ավելի շատ կացության կարգավիճակ ստացել են ՌԴ քաղաքացիները

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրացիներին տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 656–ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59 %-ով)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Ծառայությունից տեղեկացնում են, որ 8 181 անձ ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ, որոնց թվում գերակշռել են Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները։ Նրանցից 6 085–ը ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել աշխատանքի հիմքով։

Ըստ պաշտոնական տվյալների` աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումների թվով առաջատար են եղել Վիետնամի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները։

ՆԳՆ–ից նշում են, որ առաջին 6 ամսում ՀՀ–ում 2 085 անձ ստացել է մշտական կացության կարգավիճակ։ Այստեղ ևս առաջատար են եղել Ռուսաստանի քաղաքացիները՝ 1 233 անձ, որոնց հաջորդում են Վրաստանի և Իրանի քաղաքացիները։

Ի դեպ, 295 անձ ստացել է հատուկ կացության կարգավիճակ, որոնց թվում առավել շատ են եղել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի քաղաքացիները։

«Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թվում զգալի է Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը, հատկապես՝ մշտական կացության կարգավիճակ ստացածների շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կացության կարգավիճակների տրամադրման ընդհանուր ծավալի` 59%–ոց աճի զգալի մասը, ըստ միգրացիայի և քաղաքացիության ծառայության` պայմանավորված է աշխատանքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակների թվի ավելացմամբ։

Sputnik Արմենիա

Leave a comment