«Հրապարակ» թերթը գրել է.
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում։ Մեզ պատմեցին, որ խոսքն ամենեւին էլ շարքային տան կամ սովորական ամառանոցի մասին չէ, այլ աչք ծակող, շքեղ դղյակի։
Մեզ հետ զրույցում Կարեն Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, որ Ձորաղբյուրում առանձնատուն է կառուցում։ Անդրադառնալով կառուցմանն ուղղված ֆինանսական միջոցներին՝ նշեց, որ կառուցապատման վարկ է վերցրել։ Մենք ուսումնասիրեցինք Սարգսյանի տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերը, ինչից պարզ դարձավ, որ այն հողամասը, որի վրա կառուցվում է առանձնատունը, նա գնել է 2023 թ. հոկտեմբերի 27-ին՝ 12.5 մլն դրամով։ Նրա վարկի մնացորդային գումարը կազմում է 24 մլն 733 հազար 981 դրամ։ Եվս մեկ հիպոթեքային վարկ ունի, սակայն այս բնակարանը ձեռք է բերել Ռուսաստանում՝ 2013-ին։
Հիպոթեքի մնացորդը 3 մլն 435 հազար 35 ռուբլի է։ Երկու հիպոթեքային վարկ վճարող Կարեն Սարգսյանի տարեկան եկամուտը կազմել է 20 մլն 722 հազար 670 դրամ, որից 1 մլն 194 հազար 59 դրամը գոյացել է եկամտահարկի հետվերադարձից, մնացածը՝ աշխատավարձից։
Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 900 հազար ռուբլի եւ 2.7 մլն դրամ, բանկային հաշիվների վրա եղել է 3.7 մլն դրամ։ Նրա կինը՝ Նելլի Խաչատրյանը, նախորդ տարի 3 մլն 720 հազար դրամով ձեռք է բերել Kia մակնիշի ավտոմեքենա՝ 2020թ. արտադրության։ Բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 643 հազար 489 դրամ։ Թեեւ Կարեն Սարգսյանի կնոջ աշխատավայրի վերաբերյալ տվյալներ չկան հայտարարագրում, սակայն նա 4 մլն 317 հազար 156 դրամ աշխատավարձ է հայտարարագրել, որը ստացել է Կենտրոնական բանկից, եւ 1 մլն 728 հազար 800 դրամ վարկի մնացորդ։ Դուստրն ուսանող է, 2025-ին նրա ուսման համար վճարվել է 2.1 մլն դրամ գումար։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Միայն վերջին 10-11 օրերին բանակում զինծառայողի մահվան 4-րդ դեպքն է արձանագրվում: Երեկ, Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների վրա «մուննաթ եկավ», թե երբևէ պարզե՞լ եք՝ Հայաստանում ինքնասպանության քանի դեպք է գրանցվում, մտքներովդ անցե՞լ է պարզել ու համեմատել էդ թվերը բանակում ինքնասպանությունների թվերի հետ:
Սա դեռ ամենը չէ: Սուրեն Պապիկյանը նաև լուրջ-լուրջ հայտարարեց. «Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում»: Ներողություն, իհարկե, բայց էլ ումի՞ց պատասխան պահանջել, եթե ոչ առաջին հերթին ոլորտի ղեկավարից, տվյալ դեպքում՝ հենց նախարարից: Ինչ վերաբերում է նախարար Պապիկյանի «մուննաթին»: Բանակում տեղի ունեցող դեպքերը սխալ է համեմատել սովորական, «քաղաքացիական կյանքում» կատարվողի հետ:
Նախ՝ բանակը, Զինված ուժերը ինքնին փակ համակարգ են՝ հստակ սուբորդինացիայի ու խիստ կարգուկանոնի պարտադիր պայմանով: Այլապես, Սուրեն Պապիկյանի մոտեցմամբ, պետք է սովորական վթարներն ու վրաերթերն էլ համադրեինք բանակում կատարվածների հետ, ինչն աբսուրդային մեթոդ է ի սկզբանե: Երկրորդ. հարցը միայն սպանություններն ու ինքնասպանությունները չեն: Իսկ միգուցե դրանց թվի ավելացման պատճառներից մեկը բանակում իրականացվող կադրային քաղաքականությո՞ւնն է, երբ բանակը կազմաքանդելու «գծի մեջ»՝ սկսյալ 2018 թվականից, փորձառու, կադրային հրամկազմին փոխարինում են «նոր դեմքեր»: Երրորդ. նկատելի է, որ բանակում ողբերգական ելքով միջադեպերի թիվը ավելացավ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակներում գնդերեցների ինստիտուտը վերացնելուց, այլ կերպ ասած՝ ՀԱԵ համապատասխան ծառայությունը բանակից դուրս մղելուց հետո:
Թե որքանով ուղիղ կապ ունի սա, հուսով ենք՝ մասնագետները կգնահատեն: Չորրորդ. եթե բանակում նման դեպքերը հաճախակի են դառնում, պետք է ոչ թե (ոչ միայն) պատժիչ մարմնի՝ ռազմական ոստիկանության ղեկավարին փոխել, այլ ներբանակային մթնոլորտն ու միջավայրը: Բայց ո՞ւմ ենք սա ասում՝ ներկայացուցչին մի իշխանության, որը վարժական հավաքներն ու բանակային ծառայությունն առհասարակ ընկալում ու պատկերացնում է որպես պատժամիջոց և օդանավակայանում վարժական հավաքների ծանուցագրեր է բաժանո՞ւմ մի քանի օրով երկիր վերադարձած մարդկանց:
Եվ, վերջապես, ի՞նչ սպասել մի իշխանությունից ու նրա մի ներկայացուցչից, որ զարմանում է, թե բանակում տիրող վիճակի ու դրա հետևանքների համար իրենից են պատասխան պահանջում: Դե, հո «թիվ մեկ մեղավորն» ինքը չէ…
«Հրապարակ» թերթը գրել է․
Մեզ Սյունիքից ահազանգեցին, որ օրեր առաջ մարզի օդային տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են նկատել, մասնավորապես Գորիսի հատվածում, որոնք եկել պտտվել ու անհետացել են:
Մեր աղբյուրի խոսքով իրենք ենթադրում են, որ այդ թռչող սարքերն ուղարկում են տեսանկարահանելու նպատակով: Նկատենք, որ նախորդ տարվա մայիսին նույնպես Խոզնավարի տարածքում տեղացիները երկու անօդաչու թռչող սարք էին նկատել:
Մեր աղբյուրն ասում է, որ հայկական ԶՈՒ-ին ասվել է, որ որեւէ պարագայում չկրակեն, չարձագանքեն ադրբեջանական անօդաչուների հայտնվելուն, քանի որ դրանք որեւէ վտանգ չեն ներկայացնում: