«Ինքնաբացարկի հիմքը օրենքի պահանջ էր, քանի որ դատավորը քննիչ է աշխատել ու այս քրեական գործով եղել է քննչական կազմում, դա իր մասնակցությունը բացառող հանգամանք է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով դատավոր Սարգիս Դադոյանի ինքնաբացարկ հայտնելու որոշմանը։
Անդրադառնալով Աշոտյանին առնչվող այս քրեական գործին՝ պաշտպանը դժվարացավ դիրքորոշում հայտնել. «Գործի մասին դժվարանում եմ խոսել, իմ 26 տարվա փորձը չի օգնում։ Ցանկացած քաղաքական գործ ինչ-որ մի բան ունեցել է իր մեջ՝ «Մարտի 1-ը», եղել են անկարգություններ, զոհվել են մարդիկ, կա փաստ։ Նույնիսկ Արմեն Աշոտյանի մյուս գործը, որը ծիծաղելի է, կա մի գումար, որով գույք է գնվել, այստեղ դա էլ չկա, ոչինչ չկա։ Կալանքի նիստի ժամանակ, քանի որ փողերի լվացման մեղադրանք կա, խնդրեցի քննիչին ցույց տալ՝ այս փողն է կեղտոտ, ցույց չտվեց։ Որովհետև կառավարությունը կամ վարկ է տվել, կամ վաճառվել է գույքը, ու կոպեկ առ կոպեկ վերադարձրել են պետական բյուջե։ Սա վկայում է այն մասին, որ գործող իշխանությունն այնքան է խելառել իրենց անպատժելիությունից, որ իրենց համար էական չէ՝ ինչ գործ է, ինչի մասին է, կա հանցանք, թե չկա հանցանք։ Պետք է մարդը կալանավորվի, ուրեմն պետք է կալանավորել ցանկացած գնով»։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կրկին կալանավորվել էր 2026 թ․ հունիսի 5-ին՝ Բրյուսովի համալսարանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Աշոտյանը 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ և զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, Գագիկ Խաչատրյանի և վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հարություն Թադևոսյանի հանցակցությամբ, իբրև պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։
Գագիկ Խաչատրյանը 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը զբաղեցրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը։
Մեղադրանքի համաձայն՝ Աշոտյանի գործողությունների արդյունքում ՀՀ սեփականության ֆոնդից դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ 208.908.500 դրամ արժեքով, առանձնապես խոշոր չափերով՝ 451,1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը, և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ։
Բացի այդ, օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքից՝ այն նպատակային նշանակությամբ, այն է՝ ուսումնական նպատակներով տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: