Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել

Քաղաքականություն

24.08.2026 | 13:41

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, որն անցյալ շաբաթ հայտարարել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ճնշումների մասին, կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել, գրում է Sova news-ը։

Խոսքը «մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու» մասին է։

Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին հայտարարել է, որ նոր գործով ցուցմունք է տվել  պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, որը ձերբակալված է։ Բացի այդ, հուլիսին Բուրչուլաձեի աներորդին՝ Վասիլ Մխեիձեն, դիմել է Դատախազություն՝ հետաքննության հետ համագործակցելու նպատակով և քննիչներին տրամադրել է «ամբողջական տեղեկատվությունը»։

Քննության տվյալներով՝  խոսքը ՊՆ-ի կողմից բժշկական սարքավորումների գնման գործընթացում ուռճացված գների, ինչպես նաև Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Ղարիբաշվիլիի կողմից հովանավորչության դիմաց 750,000 լարի կաշառք ստանալու մասին է։

Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Նրան սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment