Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի դեմ ներկայացրած հայցը։
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Սիմոնյանի իրավունքների դատական պաշտպանությունն իրականացրած «AM» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջում։
2025 թվականի մայիսի 19-ին ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «… Ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իրա ձեռքերը արյան մեջ են, ինքը թալանչի է, ինքը Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել է որպես խոպանի տեղ ու հիմա էլ ա տենց վերաբերվում․․․»
Դրանից հետո Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների տարածման հիմքով, հայտնում է Sputnik Արմենիան։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի օգոստոսի 18-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ»,– ասված է փաստաբանական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Գրասենյակի փոխանցմամբ՝ դատարանը, այլ հանգամանքների հետ մեկտեղ, մերժման հիմքում դրել է այն հիմնավորումը, որ տվյալ խոսքային համատեքստում նման ձևակերպումները գնահատողական դատողություններ են։ Դրանք բնութագրվել են որպես խիստ, չափազանցված, սադրիչ և ծանր արատավորող ենթատեքստ ունեցող արտահայտություններ, սակայն դատարանի գնահատմամբ՝ չեն պարունակում որևէ որոշակի սպանության, հանցավոր ծրագրի կամ դրանում հայցվորի մասնակցության կոնկրետ ձևի վերաբերյալ ինքնուրույն փաստական տվյալ։
Դատարանը եզրահանգել է, որ այս քաղաքացիական գործով բավարար ապացույցների համակցություն չի ներկայացվել, որը հնարավորություն կտար հաստատել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածով նախատեսված՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հիմքերի առկայությունը։