Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան


Մենք որոշեցինք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում, ու մինչ նախադասություններ էինք ձևակերպում մեր հանրությանը բացատրելու, թե ինչո՛ւ, իրադարձություններն իրենք ի ցույց դրեցին մի պերճախոս բացատրություն, երբ բոլորովին վերջերս Իսրայելի կառավարությունն ամենասուր վճռականությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման պրոցես սկսեց, ապա նույնպիսի վճռականությամբ կանգնեցրեց այդ պրոցեսը: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Սա էլ էր մի կարևոր իրադարձություն, որ բացեց վարագույրը, և մենք բոլորով տեսանք, ստիպված եղանք տեսնել, թե ինչ է կատարվում դրա հետևում: Միջազգային խաղացողները (ներողությո՛ւն այս ձևակերպման համար) մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում:


Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում, այնպես ինչպես եղել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ու վերջին, ու մինչև բոլորովին վերջերս: Մենք պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման այս գործընթացին, որովհետև եթե նույնիսկ միամտություն ունենանք մտածելու, թե դա նաև զենք է մեր ձեռքին, այդ զենքի կրակոցից էլի ու էլի մենք ենք զոհվել, էլի ու էլի մենք ենք զոհվելու:


Ապրիլի 24-ը մեր Ապրիլի 24-ն է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը մեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է, ու մենք պետք է խոկանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված, ու պետք է որոշենք, որ ՀՀ-ն բոլոր ժամանակների կոտորածների, տեղահանությունների, ցեղասպանության զոհերի հետնորդների գերեզման չպետք է լինի, այլ հայրենիք-պետություն, որտեղ մարդիկ ապրում են ազատ, բարեկեցիկ և անվտանգ: Մենք չպետք է այլևս երազենք այլ հայրենիքի մասին, որովհետև ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը, ու մենք երջանիկ ենք, որ ունենք այդ հայրենիքը»,-ասաց նա:


 

Leave a comment