Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան


Այն, որ հենց խաղաղ կյանքի պետությունն է մեր ժողովրդի ակնկալիքը, ինձ համար ակնհայտ է դառնում Երրորդ հանրապետության պատմության հետահայաց վերլուծությամբ: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 


«2021 թվականին, օրինակ, այն պայմաններում, երբ ընդդիմությունը զարգացնում էր պարտված իշխանությունը պետք է հեռանա թեզը, ժողովուրդը վստահության քվե տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մինչդեռ 1994 թվականից ի վեր պատերազմում հաղթանակի թեզով կամ որպես հաղթական առաջնորդ հանդես եկած նախկին նախագահներից որևէ մեկն ընտրություններին չի ստացել ժողովրդի վստահության մանդատը և ստիպված է եղել բռնազավթել իշխանությունը կեղծիքների, ուժի կիրառման և կամ սպանությունների ու ահաբեկումների միջոցով: Այդպիսի մի փորձ էր, որ 2018-ին պսակվեց հեղափոխությամբ:


Այդ ամենը մեկ բանի նշան է, որ մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է, և առանց այս փաստի հետ առերեսվելու՝ հնարավոր չէ ունենալ իրապես անկախ պետություն, որտեղ կարելի լինի ազատ, անվտանգ և բարեկեցիկ կյանքը:


Այնուամենայնիվ, ինչպես հաճախ պատահել է մեր պատմության մեջ, ժողովրդի այս ձգտումները քաղաքական ձևակերպում չեն ստացել, որովհետև մեր պատմական ավանդույթը հոգևոր, քաղաքական վերնախավերից ժողովրդին գաղափարներ պարտադրելն է, ոչ թե ժողովրդի ցանկություններից ու ձգտումներից քաղաքական գաղափարներ ու հայացքներ դուրս բերելը, և այս ավանդույթը շարունակվել է մինչև 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը:


Հեղափոխության առանցքային արդյունքը պիտի լիներ այն, որ քաղաքականությունների և քաղաքական հայեցակարգերի ձևավորման վրա ժողովրդի ազդեցությունը մեծանար, այս երևույթը նախ ինտուիտիվ արտահայտություններ գտավ, ապա ավելի ու ավելի հաստատուն և համակարգված տեսք ստացավ, և այսօր այստեղ տեղի ունեցողը հենց դրա արտահայտությունն է: Հետևաբար ինձ համար մեծ պատիվ է Ազգային ժողովից ներկայացնել Կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը, որով թևակոխում ենք Չորրորդ հանրապետություն»,- ասաց նա և հավելեց, որ հաստատում է Կառավարության և կառավարող մեծամասնության նվիրվածությունը 2018-ի հեղափոխության օրակարգին, որը 2026-2031 թվականներին պետք է հասնի իր լրումին:

Leave a comment