ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է ՀՀ Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը:
Ելույթի սկզբում վարչապետը հայտարարեց՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը քվեարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին, ապա ընտրությունների այս արդյունքը որակեց որպես պատմական, քանի որ վերաձևակերպում է ՀՀ-ի գործառութային նշանակությունը:
«1990 թվականին ՀՀ-ի անկախության հռչակման հիմքում դրված էր այն փիլիսոփայությունը, թե պետությունը մեզ հարկավոր է պատմական արդարությունը վերականգնելու, և այս ընկալումն արտահայտվել էր Ղարաբաղյան շարժմամբ:
Իրական Հայաստանի գաղափարախոսությունը արձանագրում է, որ ՀՀ-ի գործառնական միակ նշանակությունը իր միջազգայնորեն ճանաչված՝ 29743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն, բարեկեցություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր, ինչպես ժամանակակից կյանքում ընդունված է ասել՝ էկոհամակարգ ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ հենց այսպիսի պետության ու տեսլականի օգտին են քվեարկել ՀՀ քաղաքացիները 2026-ի հունիսի 7-ին, և այս տեսլականն է, որ անվանում ենք Չորրորդ հանրապետություն:
«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: