«Վենսի հետ հանդիպմանն այդ հարցը եղել է օրակարգում և քննարկվել է»․ Նիկոլ Փաշինյանը՝ հայ գերիների վերադարձի մասին

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցելության ժամանակ քննարկել են նաև Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների վերադարձին վերաբերող հարցերը։

«Ես ասել եմ, որ բոլոր հարցերն են քննարկվում, մասնավորապես՝ անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը, բայց ես նախկինում էլ ասել եմ, իմ փորձը դա է ցույց տալիս, որ ինչքան մենք այդ հարցի շուրջ անաղմուկ ենք գործում, էնքան ավելի արդյունք է լինում»,- ասաց Փաշինյանը։ Ճշտող հարցին, թե այդ հարցը Վենսի հե՞տ է քննարկել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այո, այդ թվում՝ Վենսի»։

Նա նշեց, որ դեռ նախորդ տարվա օգոստոսի 8-ին Հայաստան–ԱՄՆ քննարկումներում այդ հարցը եղել է, հետագա քննարկումներում ևս։

Հարցին, թե Վենսը պատրաստակամություն հայտնե՞լ է այդ հարցով Ադրբեջանում քննարկումներ ունենալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես խնդրում եմ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձանից, բայց հարցը եղել է օրակարգում, և հարցը քննարկվել է օրակարգում։ Ավելին ասեմ, չափազանցություն չկա, գործնականում որևէ վերաբերելի բանակցություն չկա, որտեղ մենք այդ թեմային չվերադառնանք։ Բոլոր վերաբերելի ձևաչափերում մենք այդ հարցը պարբերաբար բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական կլինենք այդ հարցի լուծմանը»,- նշեց Փաշինյանը։

Հարցին, որ ինքն ու Ալիևը խաղաղության մրցանակ ստացան, բայց դրան հաջորդեցին Բաքվի բանտերում գտնվող ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գործերով դատավճիռները, մարդիկ նաև ցմահ ազատազրկման դատապարտվեցին, ո՞ւր է խաղաղությունն ու եղբայրությունը, երբ Բաքվում ցմահ ազատազրկման են դատապարտվում մեր հայրենակիցները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այդ վճիռներն ինձ համար և մարդկայնորեն, և քաղաքական առումով շատ ցավալի ու ծանր են։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտն ունի իներցիա, և այդ իներցիան հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել։ Ես արդեն ասացի, որ այդ թեման մշտապես ուշադրության կենտրոնում է։ Եվ բնական հարց կծագի՝ իսկ ո՞րն է այդ թեմայի լուծման վերաբերյալ մեր պատկերացումը։ Մեր պատկերացումն էլի խաղաղությունն է, որովհետև խաղաղությունն է այն միջավայրը, որում հնարավոր է այդ խնդիրը լուծել»։

Անդրադառնալով հարցին, թե Վենսի հետ քննարկե՞լ են Հայաստանի օկուպացված տարածքների հարցը, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Բնականաբար, բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են։ Նախ ուզում եմ, որ մենք մեկընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը։ Մենք ասել ենք, և դրա վերաբերյալ արդեն ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ երկու երկրներում՝ սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն։ Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա ճշգրիտ արձանագրելու ենք Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխան տարածքները»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment