Հավատարիմ մնալով անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին` պետք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին. ՀՅԴ

ՈՒՂԵՐՁ
Հայաստանի Անկախության հռչակագրի 36-ամյակի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին, բարդագույն պայմաններում, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։

Հակառակ քաղաքական տարաձայնություններին, Անկախության հռչակագիրը ընդունվեց համախոհությամբ, խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներգրավմամբ։

Այն ամրագրեց Հայոց անկախ պետականությունը վերականգնելու քաղաքական, պատմական, իրավական, տնտեսական և մշակութային հիմնասյուները։

Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական հանրաքվեով ամրագրվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Հռչակագիրը դարձավ մեր պետականության օրենսդրության հիմքը և իբրև ապագա Մայր օրենքի նախահիմք, արժանի տեղը գտավ ՀՀ Սահմանադրության նախաբանում՝ որպես նորանկախ պետության արժեքային առանցքը, որ ենթակա չէ փոփոխման:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է։ Այն նկարագրում է մեր պետության բնույթն ու համահայկական հանձնառությունը։ Դա մեր ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։

Հավատարիմ մնալով անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին, պետք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին, վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը և անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն կերտելու կամքը։ Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետության կենսունակության երաշխիքը։

Պաշտպանելով Անկախության հռչակագիրը, տեր ենք կանգնում Հայաստանի Հանրապետությանը, Հայոց պետականությանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
23.08.2026
թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment