«Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ Գաֆեսճյան քանդակների պարտեզում «Գութան Հայաստանի» ազգային ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս անգամ նվիրված էր ՀՀ վաստակավոր արտիստ, պարարվեստի երախտավոր Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։
Դիմելով «Կասկադում» հավաքված հազարավոր երեւանցիներին եւ հյուրերին՝ փառատոնի կազմակերպիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանն ասաց, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի պահելու մեր ինքնությունը։ Եվ ինքնությունը պահելու համար մենք պետք է պահենք մեր ազգային մշակութային ժառանգությունն իր բոլոր դրսեւորումներով։ Իսկ մենք կոնկրետ զբաղվում ենք ազգային երգ ու պարի պահպանումով եւ տարածումով։
«Բոլոր գութանականները, «Գութանի» բոլոր մասնակից խմբերն ու անհատները իրենց կյանքը նվիրաբերել, նվիրաբերում եւ նվիրաբերելու են այդ գործին՝ պահպանելու մեր ազգային մշակույթը։
Այս տարի մեզ համար մեծ պատիվ է, որ «Գութան» փառատոնը նվիրում ենք ազգային պարարվեստի երախտավոր Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։
Կան մարդիկ, որոնք ծնվում, ապրում, ինչի չէ, երբեմն արարում են, որովհետեւ Աստված այդպես է կամենում։ Բայց կա աստծո մի կամք, որը շատ կարեւոր է՝ անհրաժեշտությունից ելնելով ծնունդ է տալիս մարդուն։ Եվ անհրաժեշտությունից ելնելով ծնվեց Գագիկ Գինոսյանը, որպեսզի իր գործը կատարի ազգային պարարվեստի պահպանման եւ հանրահռչակման գործում»։
Կոմպոզիտոր, կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանը հիշեցրեց. «Գագիկ Գինոսյանը գնաց՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները Արցախյան պատերազմում։ Վերադարձավ ու շարունակեց իր պատերազմը մշակութային պատերազմում, որովհետեւ մենք ունենք ֆիզիկական հայրենիք եւ հոգեւոր հայրենիք։ Եթե ֆիզիկական հայրենիքի սահմանները պաշտպանում են մեր զինվորները, մեր հոգեւոր հայրենիքի սահմանները պաշտպանել են Դանիել Վարուժանը, Կոմիտասը, Սիամանթոն, Հովհաննես Թումանյանը, Խաչատուր Աբովյանը, Մեսրոպ Մաշտոցը եւ մյուսները։
Նժդեհն ասում էր, եթե հոգեւոր հայրենիքը հանձնեք, կհանձնեք նաեւ ֆիզիկական հայրենիքը։ Գագիկ Գինոսյանը շարունակեց իր կռիվը, պատերազմը։ Դրա համար այստեղ հավաքվածներիդ ես անվանում եմ կոմիտասյան զորք, Կոմիտասի զորք, որպեսզի պաշտպանի իր հոգեւոր, մշակույթի իր հայրենիքը։
Մենք չենք տրվի կապիկների դպրոցին, կապիկների շարժուձեւերին։ Կոմիտասն ասում էր՝ պարն է որոշում քաղաքակրթության աստիճանը։ Մենք 10 հազար տարուց ավելի քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ ենք։ Գիտությանն էլ «ԱՅՈ» ենք ասում՝ թող զարգանա։ Մեր արյունը մեր երակների մեջ արտահայտվում է մեր պարով ու երգով»։
Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը լուսահոգի Գագիկ Գինոսյանի մասին խոսեց ներկայով. «Սիրելի Գագիկ, քեզ հետ ներկայով եմ խոսում, քանզի հիմա առավել ներկա ես մեր մեջ։ Հոգով ես ներկա։ Որպես ոգու մարդ, Հայկի զավակ՝ այրվելով հայոց ինքնության մաքրագործող կրակով, նախ դու լուսավորվեցիր, ապա մեզ լուսավորեցիր եւ շարունակում ես լուսավորել։
Լինելով Գարեգին Նժդեհի, Հայրիկ Մուրադյանը, Լեոնիդ Ազգալդյանի հավատարիմ զինվորն ու հետեւորդը՝ դու շարունակաբար վեր ես հանում հայու տեսակը, դու սովորեցնում եզ մեզ՝ լինել ինքնաճանաչ եւ ինքնահարգ եւ կրել ազգային ոգու լույսը։ Նժդեհն էր ասում, երկու զենք ունեցա՝ գրիչս ու սուրս։ Երկուսն էլ հավասարապես գործածեցի։ Դու նույնպես գործածեցիր հաղթական սուրդ մարտի դաշտում եւ հաղթական պարդ, որպես ազգապահպան ու կարեւորագույն զենք»։
Ու այս խոսքերից հետո «Գութան» համահայկական փառատոնը մեկնարկեց «Յարխուշտա» մարտական պարով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: