Մակրոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի դեմ ռուսական հարվածները, քաղաքացիական բնակչության թիրախավորումը և Ուկրաինային Ֆրանսիայի աջակցության ուժեղացման հարցերը։
Մակրոնը նշել է, որ Կրիվոյ Ռոգում առևտրի կենտրոնի ուղղությամբ ռուսական կրկնակի հարվածից հետո Զելենսկիին է փոխանցել իր «սարսափն ու խոր մտահոգությունը»։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը։ Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի աջակցության ուժեղացման, այդ թվում՝ որսացող հրթիռների ուղարկման և համագործակցության շարունակման մասին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ միջոցներ ունեցող մյուս երկրները ևս պետք է միանան այդ ջանքերին։
Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի նկատմամբ ճնշումը շարունակելու և առաջիկա «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանն ընդառաջ խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Մակրոնի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է ընտրել «ահաբեկման և էսկալացիայի» ճանապարհը, սակայն «փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային» և չի կարողանա հասնել այդ նպատակին։