Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման և, մասնավորապես, Մեղրիով անցնող երկաթուղու շահագործման խնդիրների մասին՝ հաշվի առնելով ՌԴ «Հարավկովկասյան երկաթուղու» գործոնը։
Վարչապետը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել են Կարս-Դիլիջու-Նախիջևան նոր երկաթուղու կառուցման մասին, ինչը մրցակցություն է ստեղծում։
«Միջազգային կոնտեքստում շատ կարևոր է, թե ինչպես է շահագործվելու այդ երկաթուղին… Այն փաստի բերումով, որ մեր երկաթուղին, որը մեր սեփականությունն է, գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, մենք այստեղ մեր մրցակցային առավելությունը զգում ենք, որ կորցնում ենք»։
Փաշինյանը ընդգծել է, որ միջազգային լարված իրավիճակում ռուսական կառավարման փաստը օգտագործվում է Հայաստանով անցնող երթուղին ոչ շահավետ ներկայացնելու համար։
«Միջազգային մամուլը, փորձագիտական հանրույթը վերլուծելով՝ հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է… Ստացվում է, որ մենք գնում ենք խաղաղության, բայց հակառակը՝ մեր շահերը հայտնվում են փակուղու մեջ»։
Վարչապետը նշել է, որ թեման քննարկել է ռուս գործընկերների հետ և քաղաքական առումով դրական արձագանք կա, սակայն պետք է լուծել գործնական խնդիրը։
«Մենք պետք է լուծում գտնենք, և էդ լուծումը պետք է գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ։ Խոսքը Հայաստանի ռազմավարական, երկարատև շահերի մասին է, և մեր բոլոր բարեկամ երկրները պետք է շահագրգռված լինեն, որ մեր շահերը սպասարկվեն»։