ԱՄՆ դատարանը չեղարկել է Հայաստանի և ևս 74 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման վերաբերմալ Պետդեպարտամենտի կասեցումը

Նյու Յորքի դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքականությունը, որով նախատեսվում էր ներգաղթային վիզաների տրամադրման կասեցում 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին


ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Նյու Յորքի դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքականությունը, որով նախատեսվում էր ներգաղթային վիզաների տրամադրման կասեցում 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին, հայտնում է Reuters-ը:


Օգոստոսի 21-ին որոշումը կայացրել է Նյու Յորքի Հարավային օկրուգի դատավոր Ջանեթ Վարգասը: Նա եկել է այն եզրահանգման, որ Պետդեպարտամենտի սահմանած միջոցը գերազանցում էր պետքարտուղարի լիազորությունները և հակասում դաշնային ներգաղթային օրենսդրությանը:


Կասեցումը գործում էր 2026 թվականի հունվարի 21-ից: Պետդեպարտամենտը ավելի վաղ հայտնել էր, որ որոշ ժամանակով վերանայում է այն երկրներից դիմորդների ստուգման ընթացակարգերը, որոնց քաղաքացիները, նրա գնահատմամբ, ունեն public charge-ի՝ այսինքն ԱՄՆ-ում պետական աջակցությունից պոտենցիալ կախվածության չափանիշի տակ ընկնելու բարձր ռիսկ: Պաշտոնական ցուցակում ներառվել էին, մասնավորապես, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը:


Դատարանի որոշման համաձայն՝ Պետդեպարտամենտը չի կարող առանձին երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման ընդհանուր արգելք մտցնել՝ օրենքով նախատեսված դիմումների անհատական քննարկման փոխարեն:


Որոշումը վերաբերում է 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման կասեցման մասին Պետդեպարտամենտի քաղաքականությանը: Ամերիկյան իշխանությունների այլ որոշումներով սահմանված առանձին վիզային սահմանափակումները շարունակում են գործել: Մասնավորապես, Պետդեպարտամենտը ավելի վաղ առանձին կասեցրել էր Diversity Visa ծրագրով վիզաների տրամադրումը:


Reuters-ի հրապարակման պահին Պետդեպարտամենտը դատարանի որոշումը չէր մեկնաբանել:

Leave a comment