«Դուք՝ որպես քաղաքացի, ՀՀ-ին ավելի արդյունավետ կծառայեք՝ որպես փաստաբա՞ն, թե՞ որպես քաղաքական գործիչ։ Պատասխանեք ոչ թե պահի տրամադրությամբ, այլ ամբողջ գիտելիքներով»,- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Հարություն Հարությունյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա պատասխանեց․ «Ճիշտ ասած՝ քաղաքականությամբ զբաղվելը եղել է իմ դպրոցական տարիների երազանքը։ Փաստաբանությամբ բավականին երկար աշխատելուց հետո, ֆինանսական առումով կայացվածություն ձեռք բերելուց հետո կարող էի ինձ թույլ տալ մանկական երազանքների հետևից անվազն փորձել գնալ։ Որքանով դա ինձ մոտ կստացվի, ժամանակը ցույց կտա։ Երազանքս ամրապնդվեց 1998-ին, երբ առիթ ունեցա մոտիկից շփվել Վազգեն Սարգսյանի հետ»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանն էլ նկատեց․ «Եկեք արձանագրենք, որ ՔՊ կուսակցության իշխանության և կառավարման օրոք իրականանում են մանկության, դպրոցական երազանքները»։
ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն հայտարարեց․ «Ինձ մոտ անընդհատ տպավորություն է, որ դուք եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ընտրել եք, որ լավացնեք մեր գործերը ԵԱՏՄ-ում։ Քննարկումներում ձեր հիմնական թեման այն էր, որ ԵԱՏՄ-ի հետ խնդիրներ կան, դրանք պետք է լուծել։ Ինձ մոտ տպավորություն է, որ եվրաինտեգրման հարցերը պետք է մի քիչ վատացնել, որ ԵԱՏՄ-ի հետ հարցերը լավանան»։
Հարություն Հարությունյանն արձագանքեց․ «Չգիտեմ՝ ինչի՞ է Ձեր մոտ այդպիսի տպավորություն։ Ես մի անգամ ԵԱՏՄ բառն եմ օգտագործել՝ ներկայացնելով 2013-ին ՀՀ արտաքին կուրսի մասով տեղի ունեցած ընտրությունը և վերջ»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: