Սամվել Կարապետյանը շնորհավորել է կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ

Սամվել Կարապետյանը շնորհավորել է կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ։ Այս մասին իր ֆեյսբության էջում գրել է Սամվել Կարապետյանը՝ շնորհավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ։

«Շնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ։ Վեհափա՛ռ Տեր, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։ Այս տարին առանձնահատուկ փորձությունների ժամանակաշրջան է դարձել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և անձամբ Ձեզ համար։ Սակայն այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ, առանց չարությանը չարությամբ պատասխանելու, առանց Ձեր կոչումից ու առաքելությունից շեղվելու։

Փորձության պահին է առավել հստակ երևում մարդու հավատքի ուժն ու արժանապատվությունը։ Դուք այդ փորձությունների միջով անցնում եք հանդարտությամբ և հաստատակամությամբ՝ պահպանելով Հայոց Հայրապետի բարձր կոչմանը վայել կեցվածք։

Դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է մեր ժողովրդի ինքնության, միասնության և հարատևության գլխավոր հենասյուներից մեկը։ Եվ այսօր Եկեղեցու արժանապատվությունն ու անկախությունը պաշտպանելը նշանակում է պաշտպանել մեր հավատը, մեր պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունը։

Վստահ եմ՝ ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը։ Մնում են հավատքը, արժանապատվությունը և այն ծառայությունը, որ մարդ մատուցել է իր ժողովրդին ու Եկեղեցուն։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ և տոկունություն՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը՝ ի բարօրություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի և աշխարհասփյուռ հայության։

Թող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես մնա անսասան, իսկ Ձեր ծառայությունը՝ հավատքի, համախմբման և ազգային արժանապատվության օրինակ։

Աստված պահապան Ձեզ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Որդիական խոնարհութեամբ և ջերմությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն` Սամվել Կարապետյան»,- գրել է Կարապետյանը։

Leave a comment